Բազմաթիվ ուսանողներ Ախալքալաքից, որոնք ավարտել են Թբիլիսիում կամ Երևանում,  աշխատանք չունենալու պատճառով ծննդավայր չեն վերադառնում, իսկ նրանք, ովքեր վերադարձել են, չեն կարողանում աշխատանք գտնել։ Աշխատաշուկայում իրավիճակը բարդանում է նրանով, որ պահանջարկը միշտ չէ, որ համընկնում է առաջարկի հետ։ Այն մասնագիտությունները, որոնց նկատմամբ պահանջարկ կա տարածաշրջանում, դիմորդների շրջանում տարածված չեն։

Ախալքալաքում պրոֆեսիոնալ գործնեության համար տարբերակները շատ չեն. դա կա՛մ պետական ​​աշխատանք է (տեղական ինքնակառավարման մարմիններ, դպրոցներ, մանկապարտեզներ), կա՛մ մասնավոր աշխատանք (գեղեցկության սրահներ, հագուստի և մթերային խանութներ), կա՛մ բանկերում և դեղատներում: Այս ամենով պայմանավորված ուսանողները, ովքեր նեղ մասնագիտացված են որևէ ուղղությամբ, Ախալքալաքում չեն կարողանում աշխատանքի տեղավորվել։ Խնդիրն ունի նաև հակառակ կողմ՝ իմանալով, որ նեղ մասնագիտություններն Ախալքալաքում պահանջարկ չունեն, դիմորդներն ընտրում են ամենատարածվածը (օրինակ՝ բժշկություն կամ տնտեսագիտություն), ինչը մեծ մրցակցություն է առաջացնում։

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի համակարգողի օգնական, «Առաջ նոր հնարավորությունների» ՀԿ-ի տնօրեն Լոլյա Ռաիսյանը կարծում է, որ Ախալքալաքում նեղ մասնագիտությունների պահանջարկը ցածր է, և այդ մասին քչերը գիտեն։ Բացի այդ, Ախալքալաքում նման մասնագիտությունները, խոշոր քաղաքների համեմատ, ցածր են վարձատրվում։

«Այն մասնագիտությունները, որոնց պահանջակը կա մեզանում, դիմորդները չեն ընտրում, քանի որ վախենում են ռիսկի դիմել։ Օրինակ․ մենք չունենք լավ ճարտարապետներ, դիզայներներ, զբոսավարներ։ Այս անջպետը կա, քանի որ ուսանողներն այստեղ հեռանկար չեն տեսնում։ Նրանք ուզում են հաստատվել մեծ քաղաքներում։ Այն աշխատանքը, որը որ ուրիշ տեղերում թանկ է վարձատրվում, մեզանում կոպեկներ են։ Պահանջարկն այս մասնագիտությունների շատ ցածր է, այդ մասին գիտեն նրանք, ովքեր աշխատում են այս ոլորտում կամ ինչ-որ կերպ կապված են այդ ամենի հետ։ Դիմորդներն աշխատում են ընտրել չեզոք, այլ ոչ թե նեղ մասնագիտություններ»,- մեկնաբանում է նա։

Նրա խոսքով, Ախալքալաքում չկան բավականաչափ անասնաբույժներ, նեղ մասնագիտության տարբեր բժիշկներ, փորձագետներ, որոնց կարելի է հրավիրել թրեյնինգների, գյուղատնտեսներ և այլն, բայց որպեսզի մարդիկ մոտիվացված լինեն սովորելու և աշխատելու այդ ոլորտներում, դրանք պետք է գոնե մի քիչ զարգացած լինեն Ախալքալաքում։

«Օրինակ․ մարդն ուզում է զբոսավար աշխատել, դրա համար իշխանությունները պետք է գոնե նվազագույնը զարգացնեն զբոսաշրջության ոլորտը, որպեսզի այդ ուղղությամբ աշխատելու ցանկություն լինի։ Մարդը պետք է իմանա, որ, եթե 5 տարի սովորի զբոսավար, կարող է աշխատել, երբ վերադառնա», – նշում է Լոլյան:

Ախալքալաքի մունիցիպալիտետում աշխատաշուկան տարբերվում է նաև՝ կախված բնակության վայրից (քաղաք կամ գյուղ), ինչպես նաև գենդերային կարծրատիպերից: Օրինակ՝ գյուղերում փորձում են այնպիսի մասնագիտություն ընտրել, որի պահանջարկը գյուղում կա։ Աղջիկների դեպքում ուսուցիչ է, տղաների դեպքում՝ «խոպան» (արտագնա աշխատանք)։ Քաղաքում դիմորդներն առաջնորդվում են նրանով, թե ինչ կարելի է անել տեղում: «Հիմա ավելի շատ փորձում են բիզնես բացել կամ սովորել բիզնեսի ոլորտում, քանի որ ոչ ոք չի ուզում աշխատավարձով աշխատել»,- նշում է Լոլյան։

Ինչ վերաբերում է գենդերային կարծրատիպերին, ապա աղջիկները հաճախ չեն ընտրում այն մասնագիտությունները, որոնք համարվում են տղամարդու, նույնիսկ եթե դա իրենց դուր է գալիս:

Լոլյա Ռաիսյանը և շատ այլ փորձագետներ համակարծիք են, որ Ախալքալաքում աշխատաշուկայի ավելի արդյունավետ գործելու համար բավարար «աշխատանքի փոխանակում» չկա, որտեղ գործատուն ու աշխատանք փնտրողը կարող են գտնել մեկը մյուսին:

«Փաստաբանական նախագծի շրջանակներում մենք ցանկանում էինք զբաղվածության կենտրոն բացել, որպեսզի քաղաքապետարանին կից ծառայություն լինի, որը կարող է աշխատողին և գործատուին կապել։ Այդպիսի կենտրոններ կան գրեթե բոլոր քաղաքներում, բացառությամբ՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի։ Քաղապետարանից ասացին, որ իրենք դեմ չեն՝ կհամագործակցեն, եթե բացվի, իսկ Աշխատանքի տեղավորման ազգային գործակալությունից ասացին, որ ծրագրում են Ախալքալաքում ևս բացվել, բայց դրանից հետո երկու տարի է անցել, դեռ ոչ մի փոփոխություն չկա։ Մեկ տարի առաջ կենտրոն բացվեց Ախալցիխեում»,- պատմում է Լոլյան։

Բացի այդ, նա նշում է, որ անհրաժեշտ է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունն աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ։

«Այնքան ծրագրեր կան, որոնց մասին իրենք նույնիսկ չգիտեն, եթե իմանային, անպայման կմասնակցեին։ Որպեսզի երիտասարդներն իմանան, որ կարող են ոչ միայն աշխատել ինչ-որ մեկի համար, այլև կարող են աշխատել իրենց համար և մասնակցել տարբեր ծրագրերի»:

ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական  կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի (SCCCF)։