Օգոստոսի 16-ին Ախալքալաքում կայացավ հանդիպում Արտաշես Հովհաննիսյանի՝ «ՆՈՖԻ» կինոփառատոնի տնօրենի և Ջավախքի երիտասարդների միջև: Քննարկման թեման էր ֆիլմարտադրությունը և դրա հնարավորությունները Ջավախքում:
Քննարկումը կազմակերպվել էր «ԼուսԷ» երիտասարդական մշակութային խմբակի կողմից կինոյով հետաքրքրվող երիտասարդների ու պատանիների համար:
Այցի բուն նպատակն էր նոր սերնդի մեջ ցանկություն առաջացնել սկզբում սիրողական և անկախ, այնուհետև պրոֆեսիոնալ ֆիլմարտադրության ու կինոփառատոնների մասնակցության մեջ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց շրջանի խնդիրներից մի քանիսը՝ կինոթատրոնի բացակայությունն ու երիտասարդների անտեղյակությունը կինոյից:
Հանդիպմանը ներկա էին ինչպես դպրոցահասակ պատանիներ ու աղջիկներ, այնպես էլ կինոյով հետաքրքրվող անձինք:
«Մենք մեծ հետաքրքրությամբ լսեցինք պարոն Արտաշեսին: Իմ կարծիքով այսպիսի հանդիպումները խթան կհանդիսանան կինոարվեստի հանդեպ հետաքրքրություն ունեցող երիտասարդների մեջ ֆիլմարտադրությամբ զբաղվելու և իրենց ֆիլմերը ցուցադրելու բազմաթիվ փառատոններում», – ասաց հանդիպմանը ներկա գտնվող երիտասարդներից Կարինե Նահատակյանը:
Արտաշես Հովհաննիսյանի խոսքերով, մեր տարածաշրջանը բազմաթիվ հնարավորություններ ունի զբաղվելու դոկումենտալ և այլ ժանրերի կինոարտադրությամբ:
Հանդիպմանը երիտասարդները նշեցին նաև այն փաստը, որ նրանց ցանկությունը դեռ շատ քիչ է, քանզի քաղաքում չկա ոչ կինոդպրոց, և ոչ էլ համապատասխան տեխնիկա, որոնցով հնարավոր լինի կինո նկարել:
Արտաշես Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ երիտասարդների հետաքրքրության շնորհիվ Ջավախքում ևս հնարավոր կլինի իրականացնել կինոփառատոն:
Քրիստինե Հակոբյան