Նալբանդյան փողոցի երթևեկելի մասը ազատվել է առևտրական սեղաններից, սակայն առևտուրը տեղափոխվել է մայթեր։
Ոչ ոք Ախալքալաքի Նալբանդյան փողոցը այդպիսին չէր տեսել, փողոցը լայն է, վրանների քանակը քչացել է, մարդիկ և մեքենաները կարողանում են ազատ քայլել և երթևեկել։ Իհարկե առևտրականների համար շատ դժվար է համակերպվել այդ իրավիճակին, սակայն օրենքից չեն խուսափում։
“Եկել ինչ ասել են մեզ, այդպես էլ արել ենք, մենք իրենց չենք հակառակվել”, -ասաց առևտրականներից մեկը, ով էլ իր սեղանը տեղափոխել էր փողոցից մայթ։
Սակայն կային նաև այնպիսի առևտրականներ, ովքեր ասացին, որ իրենք բառացի զգուշացում դեռ չեն ստացել։
Առևտրականների կողմից դժգոհություն կա, նրանց զգուշացրել են, որ եթե փողոցը չազատեն, ապա կտուգանվեն։
“Ինձ ասացին փողոցը ազատեք, եթե ոչ, ապա մինչև 500 լարի կտուգանվեք”, – ասաց մեկ այլ առևտրական։
Փողոցը ազատ է, սակայն շուկան ըստ սպասվածի չափ լեցուն չէ, այսինքն՝ առևտրականները դեռ չեն տեղափոխվել շուկա։
Իհարկե մնում է նաև մայթերի խնդրի լուծումը, քանի որ փողոցը ազատելով առևտրականները մայթերին են կանգնել։
Այդ մասին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը նշեց, որ աշխատանքները շարունակվում են։
“Իհարկե աշխատում ենք այդ ուղղությամբ, աշխատանքները չեն ավարտվելու մինչև փողոցը և մայթերը լիովին չազատվեն”, – ասաց Յուրիկ Ունանյանը։
Առևտրականները խնդրել են մի քանի օր տրամադրել, որպեսզի կարողանան ապրանքը խանութներ տեղափոխել, քաղաքապետարանն էլ այդ մի քանի օրը տրամադրել է նրանց։
“Մենք նրանց ուզած օրերը տրամադրել ենք, որպեսզի ապրանքը տեղափոխեն խանութներ, եթե հետագայում նրանք դուրս հանեն ապրանքը, մենք ստիպված կլինենք դիմել ոստիկանությանը, որպեսզի սանկցիաներ կիրառեն, քանի որ դա համարվում է “Փողոցային առևտուր”, որն էլ արգելված է”, – հավելեց քաղաքապետը։
Թե ինչ ընթացք կունենան աշխատանքները կներկայացնենք մեր հաջորդ նյութերում։
Գայանե Ակոջյան