Արդեն մի քանի օր է մեկնարկել են Ախալքալաքի մուտքին՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից, պուրակի կառուցման աշխատանքները։ Պուրակի կառուցման աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Արթուր Պետրոսյանը՝ 154 369.69 լարի արժողությամբ։
Աշխատանքներն իրականացնող անհատ ձեռներեց Արթուր Պետրոսյանն ասում է, որ աշխատանքները պետք է ավարտվեն երեք ամսից։
«Ներկայումս կատարում ենք հողային աշխատանքներ, այնուհետև էտապ-էտապ կիրականացնենք մյուս աշխատանքները։ Պետք է ցանկապատ, մայթ կառուցենք և այլն», – ասաց կառուցապատողը։
Պուրակում կտեղադրվեն նստարաններ, ինչպես նաև գիշերային լուսավորություն կանցկացվի։
«Շատ դժվար էր սկզբում, երբ սկսեցինք փորել, ճանապարհ բացել, հինգ օրվա ընթացքում հազիվ ենք ճանապարհ բացել, այսօր չենք աշխատում, քանի որ տրակտորը փչացել է, վաղը կշարունակենք աշխատանքները», – հավելեց Արթուր Պետրոսյանը։