Այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը պետական գնումների կայքում հրապարակել է պուրակների կազմակերպման երեք մրցույթ։ Վերջին 2 տարիների ընթացքում մունիցիպալ իշխանություններն ուշադրություն են դարձնում քաղաքում հանգստի գոտիների զարգացմանը։ Այսպիսով, անցած մեկ տարվա ընթացքում վերականգնվել է 2 պուրակ, իսկ այս տարի նախատեսվում է ևս մի քանի պուրակ կառուցել։
Հայտարարվել է մրցույթ «Չարենցի փողոցի N42 հասցեում գտնվող թիվ 3 մանկապարտեզի հարակից պուրակի կառուցում 262 120 լարի մեկնարկային գնով: Առաջարկների ընդունումը կավարտվի հուլիսի 15-ին։
Ախալցիխեից քաղաքի մուտքին Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ 168 հազար 004 լարիով պուրակ է նախատեսվում կառուցել։ Առաջարկների ընդունումը կավարտվի հուլիսի 15-ին։
Ակնկալվում է նաև, որ Սարգսյան փողոցում Աշուղ Հավասու արձանի մոտ ևս պուրակ կկառուցվի՝ 328 056 լարի արժողությամբ։ Առաջարկների ընդունումը կավարտվի հուլիսի 15-ին։
Թիվ 3 մանկապարտեզի հարակից պուրակում և Սարգսյան փողոցում նախատեսվում է տեղադրել սպորտային և մանկական խաղահրապարակներ։ Բոլոր պուրակներում կանցկացվի լուսավորություն, կիրականացվի կանաչապատում և կտեղադրվեն նստարաններ։
Հարկ է նշել, որ այս երեք պուրակներից բացի, այս տարի նախատեսվում է կառուցել ևս երկուսը` նախկին թիվ 15 զինվորական ավանում և թիվ 5 հանրային դպրոցի հարևանությամբ։
Սակայն գոյություն ունեցող պուրակների պահպանումը դեռևս մնում է խնդիր, օրինակ, Ջիվանու զբոսայգում նստարաններն ու կանթեղներն արդեն կոտրվել են։