Հունիսին Վրաստանի արդարադատության նախարարության ազգային ռեգիստրում գրանցված նոր ձեռնարկությունների թիվը, ներառյալ առանձին ձեռնարկությունները, կազմել է 5524, ինչը 32%-ով պակաս է նախորդ տարվա հունիսի համեմատ։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Վրացստատ) տնօրեն Գոգիտա Թոդրաձեն ընդգծել է, որ գրանցված ձեռնարկությունների թվի զգալի կրճատումը բացատրվում է Վրաստանում ձեռնարկություններ գրանցող Ռուսաստանի քաղաքացիների թվի կրճատմամբ։
«Այս միտումը նկատվում է վերջին մի քանի ամիսների ընթացքում, և դա միանշանակ կապված է ռուսաստանցիների թվի կրճատման հետ»,- պարզաբանել է Վրաստանի վիճակագրության ծառայության ղեկավարը։
ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումից հետո Վրաստան տեղափոխված ռուսների պաշտոնական, ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ Վրաստանի օրենսդրությունը թույլ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին տասներկու ամիս ապրել երկրում առանց գրանցման: Ռուսներն օգտվեցին դրանից, գերադասեցին չգրանցվել ու Վրաստանում ապրել որպես զբոսաշրջիկ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Վրաստան տեղափոխվող ռուսների թիվն իր գագաթնակետին հասել էր 2022 թվականի աշնանը՝ Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայից հետո։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ Վրաստանում բնակվում էր 100-ից 120 հազար ՌԴ քաղաքացի։
Այժմ նրանց թիվը զգալիորեն քիչ է։ Վրաստանում ռուսաստանցի վերաբնակների (ռելոկանտ) թվի նվազման մեկ այլ անուղղակի նշան է Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ նվազումը։ Եթե 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 800-1000%-ով, ապա 2024 թվականի մայիսին անցած տարվա մայիսի համեմատ այդ ցուցանիշը նվազել է գրեթե 70%-ով։
Վրաստանում տեղի փորձագետները ենթադրում են, որ Թբիլիսիում և Բաթումիում բնակվող ռուսների թիվն այժմ չի գերազանցում 25-30 հազարը։ Հատկանշական է, որ վերջին երկու տարիների ընթացքում ռուսներն այս երկու քաղաքներում ձեռք են բերել մոտ 12 հազար բնակարան։
Վրաստանի իշխանությունները պարբերաբար թույլ չեն տալիս Ռուսաստանից որոշ ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների մուտք գործել երկիր։