Այսօր Transparency International կազմակերպությունը հրապարակել է 2016 թ.-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը» ուսումնասիրության արդյունքները: Ըստ արդյունքների Վրաստանը 57 միավորով, 176 երկրներից զբաղեցնում է 44-րդ տեղը:
Պետք է նշել, որ Վրաստանն անցյալ տարի 52 միավորով 48-րդ տեղում էր: Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին, ըստ 2016 թ.-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսի», Հայաստանը 33 միավորով գտնվում է 113-րդ տեղում, իսկ Ադրբեջանը` 30 միավորով գտնվում է 123- րդ տեղում:
2016 թ.-ին լավագույն արդյունքները արձանագրվել են Դանիայում և Նոր Զելանդիայում: Երկու երկրներն էլ ունեն 90-ական միավոր: Վրաստանը առաջատարն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Արևելյան Եվրոպայում (բացառությամբ ԵՄ երկրների) և Կենտրոնական Ասիայի:
Transparency International – Georgia-ի ղեկավար Էրեկլե Ուրուշաձեն մեկնաբանել է ուսումնասիրության վերաբերյալ արդյունքները:
«Այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցում է ամեն տարի հիմնականում կապված է օրենսդրական բարեփոխումների հետ: Շատ կարևոր է ապահովել դատական համակարգի անկախությունը, որպեսզի առանց քաղաքական միջնորդության հետաքննվեն կոռուպցիայի փաստերը», – հայտարարել է Էրեկլե Ուրուշաձեն:
Ծրագրի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին ասել է, որ, չնայած երկրի առաջընթացի, դեռ շատ բան կա անելու: Լավագույն արդյունքներին հասնելու համար անհրաժեշտ է հիմնել կոռուպցիայի դեմ պայքարելու գործակալություն:
Լուսինե Աստոյան