«Եվրատեսիլ 2023»-ի «The Voice» մրցույթի վրացական տարբերակի արդյունքներով երկիրը կներկայացնի ազգությամբ հայ Իրու Խեչանովը, որը հաղթել է հանդիսատեսի ձայների շնորհիվ։ Սոցցանցերում հարյուրավոր օգտատերեր արտահայտել են ազգային անհանդուրժողականություն՝ հարց տալով. «Վրաստանում վրացիներ չե՞ն մնացել, որ ներկայացնեն երկիրը»։ Ըստ փորձագետի՝ երկիրը «պետական ազգից» անցնում է «ազգային պետության», բայց դա դեռ չի հասել մինչև մարզեր։

Իրու Խեչանովը հաղթանակի և Վրաստանը Եվրատեսիլում ներկայացնելու մասին գրառումների տակ համացանցի օգտատերերը քննարկել են ոչ միայն վոկալ տվյալները, «դասավորված հաղթանակը» և երիտասարդ երգչուհու կերպարը, այլև վերջինիս ազգային պատկանելությունը, Հայաստանի ազգային կազմը, նաև «Բաղրամյանի գումարտակը», գրել են հանդուրժողականության մասին, որը կկործանի Վրաստանը և շատ ավելին։

Վրաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գիորգի Գոբրոնիձեի կարծիքով՝ Վրաստանը պատմական գործընթաց է վերապրում, որի արդյունքում կձևավորվի հասարակություն, որը կկենտրոնանա ոչ թե ազգության, այլ քաղաքացիության վրա։

«Այսինքն՝ մեր հասարակությունը դեռ չի հասել նրան, որ հասկանա: Ըստ էության, այն իրականում իր արմատները վերցնում է ԽՍՀՄ-ից։ Չնայած այն հանգամանքին, որ ԽՍՀՄ-ում խրախուսվում էր ինտերնացիոնալիզմը, բայց միևնույն ժամանակ կային որոշ ազգայնական փորձեր՝ արթնացնելու այդ ազգային զգացմունքները և այլն։ Այնպիսի պետությունները, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, բոլոր հետխորհրդային պետությունները ժամանակին բաց են թողել մի յուրօրինակ պատմական շրջան, երբ ձևավորվում է ազգը։ Այսինքն՝ մենք դեռ չենք հասել նրան, որ կարողանանք պատասխանել, թե ինչ է իրենից ներկայացնում վրաց ժողովուրդը կամ վրաց ազգը։ Որովհետև արդեն կան նշաններ, որ մենք ոչ թե որպես «state nation» ազգային պետության, այլ «state nation» պետական ազգի ճանապարհով ենք գնում։ Ամենայն հավանականությամբ, ապագայում կհաղթահարվի այն բարդույթը, որ կա վրացու, հայի և այլնի միջև նման տարբերակում։ Այսինքն՝ վրացական անձնագիր բոլոր կրողները պարզապես Վրաստանի քաղաքացիներ կլինեն։ Այո, հիմա այդ բացասական մեկնաբանությունները կան, բայց մեծ քաղաքներում արդեն զգացվում է, որ կապ չունի՝ ով, ինչ ազգության է պատկանում։ Բայց, ցավոք, այս փոփոխությունները ավելի ուշ են հասնում մարզեր»։

Հարկ է նաև նշել, որ անհանդուրժողականության հետ մեկտեղ եղել են նաև մեկնաբանություններ, որտեղ սոցցանցերի վրացական անուն-ազգանուններով օգտատերերը ամոթանք են տալիս մնացածներին՝ ասելով, որ Վրաստանի բոլոր ազգություններն ունեն նույն հնարավորությունները, ինչ էթնիկ վրացին։ Բացի այդ, շատ բանի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ Իրու Խեչանովը հաղթել է հանդիսատեսի կողմից ամենաշատ ձայները ստանալու շնորհիվ։ Չնայած նրան, որ նրա հաղթանակից հետո ոմանք փորձեցին առաջ քաշել այն գաղափարը, որ նա հաղթել է կեղծումների շնորհիվ, թեև այդ միտքը հիմնավորումներ չստացավ։

«Օրինակ, ես չեմ պատկերացնում Թբիլիսին առանց հայերի, քանի որ այդ մարդիկ դարձել են թբիլիսյան մշակույթի, թբիլիսյան համի մի մասը, բայց, ցավոք, ոչ բոլորն են այդպես մտածում։ Եվ սա պատմական յուրօրինակ գործընթաց է, որով մենք հիմա անցնում ենք։ Որովհետև մենք ունեցել ենք 90-ականներ, ազգայնականության բռնկում, մենք ունցել ենք հայկական անջատողականության շատ տարածված թեման, կային ֆոբիաներ, որոնք առաջացել էին աբխազական և հարավօսական անջատողականությունից հետո, բայց հիմա Թբիլիսիում ոչ ոք այս մասին չի խոսում, համենայն դեպս այս թեման արդեն տարածում չունի: Ըստ էության, այս մեկնաբանությունները երկրում ընթացող գործընթացներում որոշիչ գործոն չեն կարող համարվել։ Կարող եմ ասել, որ 9 տարի առաջ ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքն այլ էր, իսկ այսօր՝ բոլորովին այլ»,- ասում է Գոբրոնիձեն։