Ստեղծվել է հատուկ էլեկտրոնային հարթակ նրանց համար, ովքեր ցանկանում են հրաժարվել պետական սուբսիդավորումից՝ կոմունալ ծառայությունների վճարումները կատարելու համար: Այս մասին հաղորդել է Վրաստանի էներգոօմբուդսմեն Սալոմե Վարդիաշվիլին:
Մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Վրաստանի կառավարությունը մտադիր է փակել մոտավորապես 2 միլիոն քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարումները, որոնք ունեն էլեկտրաէներգիայի և գազի միջին սպառման մակարդակ: Այս նախաձեռնությունը ներկայացվել է ապրիլի 1-ին:
Այն հարթակը, որով հնարավոր է հրաժարվել սուբսիդավորումից, հասանելի է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում: Սուբսիդավորումից հրաժարումը կարտացոլվի հատուկ բազայում:
«Էներգոօմբուդսմենը շնորհակալություն է հայտնում բոլոր սպառողներին իրենց քաղաքացիական բարձր պատասխանատվության համար, քանի որ յուրաքանչյուր վերադարձված թեթրի կուղորդվի այն քաղաքացիներին օգնելու համար, ովքեր իսկապես աջակցության կարիք ունեն», – ասվում է էներգոօմբուդսմենի հայտարարության մեջ:
Կառավարության վարչակազմի տեղեկատվության համաձայն, այն բաժանորդների թիվը, ովքեր 200 կՎտ-ից ավելի քիչ էլեկտրաէներգիա են սպառում, Վրաստանում կազմում է 1,2 միլիոն, և պետությունը միջինը 17 միլիոն լարի (մոտ 5 միլիոն դոլար) կհատկացնի այդ քաղաքացիների կոմունալ վճարումներին:
Վրաստանում նաև կա 670 հազար բաժանորդ, ովքեր ամսական սպառում են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ: Պետությունը կհատկացնի 27 միլիոն լարի (ավելի քան 8,5 միլիոն դոլար)` նրանց հաշիվները մարելու համար:
Ջրամատակարարման և աղբահանման վճարումները կմարվի այն բաժանորդներին, որոնց էլեկտրաէներգիայի սպառումը չի գերազանցում 200 կՎտժ: «Թելասի» ԲԸ-ի բաժանորդների դեպքում խոսքը գնում է ամսական 37,11 լարի (մոտ 12 դոլար) գումարի մասին, իսկ «Energy Pro Georgia» ԲԸ-ի դեպքում՝ 36,4 լարի (ավելի քան 11 դոլար):
Ինչ վերաբերում է բնական գազին, ապա «Թբիլիսի էներջի» ՍՊԸ-ի բաժանորդների համար արտոնությունը վերաբերում է 92,2 լարիի (մի փոքր ավելի քան 29 դոլար) գազ սպառողներին, իսկ «SOCAR Georgia Gas»-ի դեպքում` 113 լարի (մոտ 36 դոլար), «Սոկարգազ»-ի դեպքում՝ 113.9 լարի: