Մայիսի 18-ից Վրաստանում կսկսեն աշխատել գեղեցկության սրահները և էսթետիկ բժշկության կենտրոնները, որոնք երկու ամիս առաջ փակվել էին կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Գիրոգի Գախարիան:
«Ելնելով համաճարակաբանական ներկա իրավիճակից, մենք կարող ենք արագացնել մի քանի փուլ և որոշակի քայլեր ձեռնարկել ավելի վաղ [տնտեսությունը] բացելու համար: Այդ հնարավորությունների շրջանակներում, մենք որոշեցինք, որ երկուշաբթի՝ մայիսի 18-ին, կբացվեն գեղեցկության սրահներն ու էսթետիկ բժշկության կենտրոնները», – հայտարարել է Գախարիան:
Վրաստանի կառավարությունը սահմանափակումների վերացման ծրագիր է մշակել, որը բաղկացած է վեց կետից: Անցումը մի փուլից մյուսին կատարվում է՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից:
Ապրիլի 27-ից Վրաստանում թույլատրվում է տեղաշարժը մեքենաներով և տաքսիներով, սկսել են աշխատել առցանց խանութները, թույլատրվում է բաց տիպի գյուղատնտեսական շուկաների աշխատանքը:
Մայիսի 5-ին վերսկսել են աշխատանքը շինարարական ընկերությունները, բացվել են ավտոլվացման կետերն ու սպասարկման ծառայությունները:
Մայիսի 11-ից վերսկսվել է բոլոր տեսակի արտադրատեսակների, ինչպես նաև մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտների աշխատանքը, որոնք փողոցից մուտք ունեն: Սահմանափակումները դեռ գործում են կոշիկի և հագուստի խանութների դեպքում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոնների` մոլերի համար:
Այսօրվանից ազատ է ելումուտը Ռուսթավի և Գարդաբանի քաղաքներ: Թբիլիսի քաղաքի ելումուտի արգելքը չեղարկվել էր մայիսի 11-ին, իսկ մայիսի 5-ին՝ Բաթումիում և Քութայիսիում: Այս բոլոր քաղաքներում արգելքն ուժի մեջ էր ապրիլի 15-ից: Մայիսի 18-ին կբացվի նաև Մառնեուլի շրջանը, որտեղ մարտի 23-ից գործում է խիստ կարանտինային ռեժիմը:
Ակնկալվում է, որ ներքին տուրիզմը կվերականգնվի հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի արտերկրից զբոսաշրջիներ ընդունել: