Ախալքալաքում կարտոֆիլի ծաղկման շրջանն է, եղանակն այս սեզոնին անձրեւային է, տեղումներ են լինում կարկուտի տեսքով, որը փչացնում է բանջարեղենի դաշտերը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ուժեղ կարկուտը վնաս հասցրեց Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերի գյուղատնտեսական դաշտերին։ Ինչ պետք է անի ֆերմերն այս փուլում, եղանակային վնասների դեմ պայքարելու համար:
Հուլիսի 17-ին Ախալքալաքում ուժեղ կարկուտ է տեղացել, որը զգալի վնաս է հասցրել Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերի հողագործներին։ Հասցված վնասը տարբեր է, որոշ գյուղերում վնասը մեծ է, որոշ գյուղերում՝ համեմատաբար ավելի քիչ։ Մեր տեղեկություններով, կարկուտը մեծ վնասներ է հասցրել Կուլիկամ, Խուլգումո, Կարտիկամ, Կիրովական և այլ գյուղերին։
Ինչ պետք է անեն ֆերմերները, պատճառված վնասին ինչ-որ կերպ հակազդելու համար։ Այս մասին մենք զրուցեցինք ֆերմեր, գյուղատնտես Եղիշ Աղաջանյանի հետ։ Նա ասում է, որ եթե կարտոֆիլի ցողունը վնասված է, այն հնարավոր չէ վերականգնել, բայց բերքի ամբողջական կորուստից, այնուամենայնիվ, կարելի է խուսափել։
«Կարտոֆիլի աճը դադարեցվել է, բայց մենք կարող ենք այնպես անել, որ կարտոֆիլը հողի մեջ չնեխի, պետք է մշակել դեղամիջոցներով, որպեսզի վնասված ցողուններից վիրուսը չթափանցի կարտոֆիլի մեջ և աշնանը չհավաքենք փտած կարտոֆիլ»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Գյուղատնտեսությունում եղանակային պայմաններից առաջացած վնասը չի ծածկվում պետության կամ մունիցիպալիտետի կողմից, քանի որ գոյություն ունի գյուղատնտեսության ապահովագրության սուբսիդավորման պետական ծրագիր։ Այսինքն՝ պետությունը սուբսիդավորում է ֆերմերներին իրենց ցանքատարածությունները հնարավոր վնասներից ապահովագրելու համար, սակայն Ախալքալաքում գյուղատնտեսական ապահովագրությունը ակտիվ չէ, քանի որ տեղի ֆերմերները, այս կամ այն պատճառով, չեն ապահովագրում իրենց դաշտերը։ Կարկուտից, հեղեղումներից, եղանակային պայմաններից առաջացած տարբեր հիվանդություններից մշտական կորուստները չեն փոխհատուցվում։
Հուլիսի վերջը, օգոստոսի սկիզբը կարտոֆիլի ծաղկման շրջանն է։ Շատ ֆերմերների կարտոֆիլն ատրդեն ծաղկել է:
Ծաղկման շրջանը բույսերի, այդ թվում՝ կարտոֆիլի զարգացման նշանակալի փուլն է։ Այս գործընթացին զուգահեռ ձևավորվում են պալարները և որոշվում դրանց քանակը։ Չափազանց կարևոր է այս ժամանակահատվածում բույսերի համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Ջրելը, քաղհանը, փխրունացնելը, բուկը լցնելը, պարարտացումը և վնասատուների դեմ պայքարը միջոցառումների մի շարք է, որը պետք է իրականացվի կարտոֆիլի աճեցման ողջ ցիկլի ընթացքում, ներառյալ ծաղկման ժամանակ: