Գյուղապահովագրությունը, որը Վրաստանում գործում է 2014 թվականից, եւ որը հանդիսանում է բնական աղետների վնասների փոխհատուցման գլխավոր աղբյուր, Ախալքալաքում այնքան էլ չի աշխատում, քանի որ մեծամասնությունը նախընտրում է ոչ թե ապահովագրել բերքը, այլ ապավինել Աստծուն: Որն է պատճառը, եթե ֆերմերներն ամեն տարի տուժվում են, բայց այդպես էլ չեն փորձում բերքը ապահովագրել:
Դրա մի քանի պատճառ կա:
Շատ մարդիկ չեն կարողանում օգտվել պետական գյուղատնտեսական ապահովագրության ծրագրից:
2014 թվականից Վրաստանում գործում է գյուղատնտեսական ապահովագրություն: Ապահովագրական ընկերությունները շատ են: Այս տարի Վրաստանում գործում է 8 ընկերություն, Ալդագի, JP հոլդինգ, Եվրոինս Վրաստան, Արդի, TBC ապահովագրում, Ալֆա, Վրաստանի ապահովագրական ընկերություն, Գլոբալ բենեֆիտց Վրաստան: Դրանցից 2-ից 3-ը ներկայացված են Ախալքալաքում: Այս ընկերություններն Ախալքալաքի շրջանի գյուղերի բերքը ապահովագրում են կարկուտից, ջրհեղեղից, աշնանային ցրտահարումից եւ փոթորիկից:
Այս ծրագրի շրջանակներում պետությունը վճարում է յուրաքանչյուր ֆերմերի ապահովագրության 70% -ը, իսկ վերջինս վճարում է ընդամենը 30%-ը: Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Շատերը չեն կարող դրանից օգտվել, քանի որ այդ պետական ծրագրին կարող են մասնակցել միայն այն ֆերմերները, որոնց հողը գրանցված է պետական ռեգիստրում: Եթե հողը գրանցում չունի, ապա ֆերմերը պետք է ապահովագրությունը վճարի 100% -ով:
Ըստ մոտավոր տվյալների, Ախալքալաքի մունիցիպալիտետում ընդամենը գրանցված է գյուղատնտեսական հողերի մոտ 35-40% -ը: Շրջանում հողի գրանցումը խնդիր է, բայց դա այլ պատմություն է:
Ֆերմերները անվստահություն են հայտնում ապահովագրական ընկերություններին
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը չի բացառում, որ չգրանցված հողերը, անշուշտ, նույնպես ազդում են այն փաստի վրա, որ մարդիկ չեն ապահովագրում, բայց հիմնական պատճառը ժողովրդի դժկամությունն է:
«Սա ֆերմերների հոգեբանությունն է, իսկ հողի բարեփոխումները խոչընդոտներից մեկն է: Նրանք մտածում են, թե ինչու վճարեն, բա որ կարկուտը չխփի: Եվ սա ոչ միայն Ջավախքում է, այլեւ ամբողջ Վրաստանում է նման հոգեբանություն: Այժմ կառավարությունը եւ որոշ փորձագետներ առաջարկում են ապահովագրությունը դարձնել պարտադիր, որպեսզի պարտադրեն ֆերմերներին ապահովագրել: Ընդհանուր առմամբ, ապահովագրությունը գյուղատնտեսության մեջ լավ բան է, բայց հարկավոր է դա ճիշտ օգտագործել », – ասում է Մախարե Մացուկատովը:
Հունիսի 21-ին Օլավերդ գյուղում տեղացած ուժեղ կարկուտը ավերեց ճանապարհը եւ կարտոֆիլի մշակաբույսերը: Իհարկե, գյուղացիներն անհանգստանում են, որ կարկտահարության հետեւանքով կարտոֆիլի բերքատվությունը կպակասի, սակայն միևնույն է հետագայում նույնպես չեն պատրաստվում ապահովագրել:
Օլավերդ գյուղի բնակիչն ասում է, որ չի վստահում, ուստի չի էլ ապահովագրում:
«Ես լսել եմ, որ ամեն դեպքում նրանք փոխհատուցում չեն տալիս, ուրեմն ինչու պետք է անիմաստ ծախսեմ ապահովագրության համար», – ասաց նա:
Ֆերմեր Հովիկ Գիլոյանը այնքան էլ գոհ չէ ապահովագրական ընկերությաններից: Նա մի անգամ ապահովագրել է իր բերքը, բայց դժգոհ է մնացել:
«Կարկուտից հետո ես 2-3 լուսանկար ուղարկել եմ նրանց, մեկ ամիս նրանք չեկան նայելու: Կարկուտից հետո այնքան շատ անձրեւ եկավ, որ կարտոֆիլը փտեց, ստիպված եղա նորից հերկել հողը: Ապահովագրողները եկան միայն մեկուկես ամիս անց եւ ասացին, որ կարտոֆիլը կարկուտը եւ անձրեւը չեն վնասել, այլ իմ հողն է հիվանդ: Բայց ես հողի լաբորատոր հետազոտության թուղթ ունեի, որտեղ իմ հողի վիճակը նորմալ էր գնահատված: Իսկ նրանք գրեցին, որ իմ հողերը հիվանդ են, ու ոչինչ չփոխհատուցեցին: Իսկ ես մեր գյուղում առաջինն էի, որ ապահովագրել էի », – ասում է Հովիկ Գիլոյանը:
Մախարե Մացուկատովի խոսքերով, եթե մարդը դժգոհ է ընկերության աշխատանքից, ապա նա պետք է դիմի համապատասխան կազմակերպություններին, որպեսզի այդ հարցը բարձրացվի:
«Եթե նրանց իրավունքն իսկապես խախտված է, ապա նրանք պետք է դիմեն համապատասխան կազմակերպություններին: Ցավոք սրտի, երբ փաստերով ես խոսում, շատերը հեռանում են: Եթե կարկուտը փչացրել է բերքը, ապա հաջորդ օրը հնարավոր չէ գնահատել վնասը: Այն գնահատելու համար պետք է 2-3 օր անցնի, քանի որ կա վեգետացիա», – ասում է Մախարե Մացուկատովը:
Փորձագետներն ու մասնագետները ֆերմերներին խորհուրդ են տալիս ապահովագրության պայմանագիրը կնքելիս պայմանները շատ ուշադիր կարդան, եւ եթե նրանց ինչ-որ բան դուր չի գալիս, անմիջապես արձագանքեն եւ ուղղեն:
Բնակչությունը փող չունի
Անցյալ տարի ուժեղ կարկուտը Մուրջախեթ գյուղում ավերեց կարտոֆիլի եւ հացահատիկի ամբողջ բերքը: Սակայն, այս գյուղում բերքը նորից չեն ապահովագրում:
Մուրջախեթ գյուղից Վլադիմիր Ստեփանյանն ասում է, որ փող չունի ապահովագրելու համար:
«Ես 1,5 հեկտար գարի եմ ցանում եւ երբեք չեմ ապահովագրում: Ես թոշակառու եմ եւ ապահովագրության համար փող չունեմ, հազիվ եմ ապրում », – ասում է Վլադիմիր Ստեփանյանը:
Մարդիկ կարծում են, որ պետությունը բացի պետական ապահովագրությունից պետք է ունենա ֆերմերներին օգնելու որոշակի այլ ձևեր:
Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, պետությունը ֆերմերներին օգնում է ապահովագրության տեսքով: Նա ասում է, որ 2014-ի համեմատ, 2019-ին նկատվում է բերքի ապահովագրման առաջընթաց:
«Ոմանք ասում են, որ չեն վստահում, ոմանք էլ ասում են, որ պատճառը փողի բացակայությունն է, բայց դա այդպես չէ, գարու եւ ցորենի արժեքը կազմում է ընդամենը 28-30 լարի: Այս գումարն ամեն մարդ կարող է վճարել: Եթե նրանք աշխատում են, ապա պետք է մտածեն նաեւ ծախսերի մասին, իսկ եթե չեն կարող աշխատել, ապա պետք է գնան օրավարձով աշխատեն նրանց մոտ, ովքեր կարող են մշակել հողը եւ եկամուտ ստանալ », – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Կարտոֆիլի մշակման եւ ապահովագրության ծախսերը
Սովորական գյուղատնտեսական ստանդարտների համաձայն, 1 հեկտար հողում կարտոֆիլ աճելեցնելու համար հարկավոր է ծախսել
– ցանք, մշակում, կուլտիվացյա – 350 լարի,
– ցանքի կարգ -150 լարի,
– ազոտ, պարարտանյութ, գնումների մատակարարում- 1450 լարի,
– սերմերի ձեռքբերում – 3950 լարի,
– հերբիցիդների, թունաքիմիկատների եւ միկրոէլեմենտների ձեռքբերում -1800 լարի
– ջրում և աճեցում- 460 լարի
– բերքահավաք – 600 լարի
– չնախատեսված ծախսեր – 885 լարի
Ընդամենը – 9645 լարի
Ապահովագրման ընդհանուր գումարը 1 հա կարտոֆիլի դաշտի համար կազմում է 1275 լարի, որից 382,50 լարին մուծում է ֆերմերը, իսկ 892,50 լարին պետությունը: Ըստ ապահովագրման նորմերի 100% վնասի դեպքում կարելի է ստանալ 15 000 լարի: Այդ գումարը հաշվարկված է 1 կգ կարտոֆիլը 0,60 թեթրի և 25 000 կգ /հա հաշվարկով:
Շուշան Շիրինյան