ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` FAO-ն և Եվրամիությունը հայտարարել են Վրաստանում գյուղատնտեսական դրամաշնորհների մրցույթի երրորդ փուլի անցկացման մասին` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD III ծրագրի շրջանակներում:
Վրաստանում ԵՄ պատվիրակության համաձայն, գյուղատնտեսական նախաձեռնություններին աջակցելու համար մրցույթին կարող են մասնակցել ֆերմերները, կոոպերատիվները, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատերերը, որոնք գրանցված են Վրաստանում և աշխատում են գյուղատնտեսական ոլորտում:
Մրցույթն ընդգրկում է դրամաշնորհային երկու կարգ: Առաջին կարգի համաձայն՝ գյուղատնտեսական նախաձեռնությունները կֆինանսավորվեն հետևյալ մունիցիպալիտետներներում գործող անհատներին՝ Կազբեգի (Մցխեթա-Մթիանեթիի շրջան), Լագոդեխի և Դեդոփլիսծղարո (Կախեթի), Թեթրիծղարո (Քվեմո Քարթլի), Բորժոմի և Ախալքալաք (Սամցխե-Ջավախք), ինչպես նաև Խուլո և Քեդա (Աջարիա): Սրանք այն մունիցիպալիտետներն են, որտեղ, ENPARD-ի շրջանակներում, հիմնվելով եվրոպական LEADER մոտեցման վրա, արդեն իրականացվում են գյուղական զարգացման ծրագրեր: Ֆինանսավորման ենթակա են կապիտալ ներդրումները, ինչպիսիք են արտադրական միջոցները և տեխնիկական սարքավորումները՝ գյուղատնտեսության բոլոր ոլորտներում:
Երկրորդ դրամաշնորհային կարգի համաձայն, դրամաշնորհներ կտրվեն նրանց, ովքեր գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում հետևյալ մունիցիպալիտետներներում. Ախալցիխե, Նինոծմինդա և Ասպինձա (Սամցխե-Ջավախքի շրջան), Դուշեթի (Մցխեթա-Մթիանեթի), Խելվաչաուրի և Շուախևի (Աջարիա), Մառնեուլի, Բոլնիսի, Գարդաբանի և Ծալկա (Քվեմո Քարթլի), ինչպես նաև Ղվարելի, Գուրաջաանի և Սիղնաղի (Կախեթի): Այս դեպքում կապիտալ ներդրումները (արտադրական միջոցներ և տեխնիկական սարքավորումներ) հետևյալ ոլորտներում ենթակա են ֆինանսավորման հետևյալ ոլորտներում. Անասնաբուծություն/կովերի բուծում (վերը նշված բոլոր մունիցիպալիտետներներում), կաթի արտադրություն (վերը նշված բոլոր մունիցիպալիտետներներում), կարտոֆիլի աճեցում (Ծալկա, Նինոծմինդա և Ասպինձա), բանջարեղենի աճեցում (Ղվարելի, Գուրաջաանի, Սիղնաղի) և ցորենի մշակում (Սիղնաղի):
Հատկանշական է, որ գյուղատնտեսական կոոպերատիվների մասով ըստ մունիցիպալիտետների սահմանափակումներ չկան:
Ինչպես նշում են Վրաստանում ԵՄ պատվիրակությունից՝ դրամաշնորհային մրցույթի երրորդ փուլի ընթացքում առաջնահերթությունը տրվելու է տրակտոր գնելու հայտադիմումներին:
Գործառնական և շրջանառնական ծախսերը, ինչպիսիք են աշխատողների աշխատավարձերը, գյուղատնտեսական հումքը և սերմնանյութը գնելը, դրամաշնորհային պայմանների համաձայն՝ ֆինանսավորման ենթակա չեն:
Դրամաշնորհային մրցույթի երկու կարգերում պահանջվող գումարը պետք է լինի առնվազն 1000 ԱՄՆ դոլար և ոչ ավելի, քան 150 000 ԱՄՆ դոլար (համապատասխան համարժեքը լարիով):
Ծրագիրն ապահովում է համաֆինանսավորումը 40%-ով, համապատասխանաբար, դիմումատուից պահանջվում է համաֆինանսավորել ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի առնվազն 60%-ը:
Միևնույն ժամանակ, ծրագիրը նախատեսում է նաև աջակցություն «այնպիսի հատուկ ներդրումների, որոնք էականորեն կանդրադառնան երկրի տնտեսության, սոցիալական իրավիճակի և շրջակա միջավայրի վրա»: Այս տիպի նախագծերի համար ֆինանսավորումը կարող է ավելացվել մինչև 60%:
Դրամաշնորհային մրցույթի երրորդ փուլին մասնակցության հայտերի ընդունումը կտևի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:
Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտը ներկայացնել www.faogrants.ge կայքի միջոցով:
Ըստ մրցույթի կազմակերպիչների, բոլոր դիմումները կանցնեն ընտրության նույն ընթացակարգով, որի ընթացքում կգնահատվեն ծրագրի նպատակը և ռազմավարությունը, ակնկալվող սոցիալ-տնտեսական արդյունքները, կորպորատիվ հնարավորությունները և փորձը: Վերջնական որոշումը կկայացնի դիմումի քննարկման հանձնաժողովը, որը բաղկացած կլինի FAO-ի, Վրաստանում ԵՄ պատվիրակության և Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներից:
Գյուղատնտեսական նախաձեռնություններին աջակցելու համար մրցույթի առաջին փուլին մասնակցության հայտերի ընդունումն ավարտվել է 2019 թվականի նոյեմբերի 30-ին, երկրորդ փուլին՝ 2020 թվականի ապրիլի 8-ին: Ֆերմերների և գյուղատնտեսավարների հաստատված նախագծերն արդեն ֆինանսավորվել են: Սրա հետ մեկտեղ, ներկայացված նախաձեռնությունները քննարկելու գործընթացը դեռ շարունակվում է:
Դրամաշնորհային նախաձեռնության նպատակը ֆերմերների, գյուղական տնտեսությունների, կոոպերատիվների, փոքր և միջին ձեռնարկատերերի համար ֆինանսների, ծառայությունների և արտադրա-տեխնիկական սարքավորումների մատչելիության բարելավումն է:
ENPARD ծրագիրը մշակվել է Վրաստանի կառավարության կողմից՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Ծրագիրը Վրաստանում մեկնարկել է 2013 թվականին և իրականացվում է փուլերով: Դրա ընդհանուր բյուջեն կազմում է 179,5 միլիոն եվրո: ENPARD-ի հիմնական նպատակն է ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ վրացական գյուղերի բնակիչների համար և հաղթահարել աղքատությունը: