Վրաստանի գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին մտածում է արտագաղթի մասին, սակայն չի ցանկանում ընդմիշտ լքել իր երկիրը։ Այս մասին են վկայում Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) կողմից իրականացված Կովկասյան բարոմետր 2024 հետազոտության արդյունքները։Հարցվածների 45%-ն ասել է, որ հնարավորության դեպքում որոշ ժամանակով կլքեն Վրաստանը և կհաստատվեն այլ տեղ։ 53%-ը պատասխանել է, որ իրենց չի հետաքրքրում ժամանակավոր արտագաղթը։

Հարցվածների միայն 9%-ն է ցանկանում ընդմիշտ լքել Վրաստանը՝ այլ տեղ ապրելու նպատակով։

Ավելին, հետազոտության մասնակիցների 58%-ն ասել է, որ իրենք ընտանիքի անդամներ ունեն, ովքեր բնակվում են արտերկրում։

Հարցումն անցկացվել է ապրիլի 16-ից մայիսի 13-ը Վրաստանի բոլոր շրջաններում (բացառությամբ օկուպացված տարածքների)։ Անձնական հարցազրույցի մեթոդով վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով հարցազրույց է վերցվել 1509 անձից։ Հարցվողներն ընտրվել են բազմաստիճան կլաստերային ընտրանքի մեթոդով:

«Կովկասյան բարոմետրը» սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների և քաղաքական վերաբերմունքի ամենամյա հետազոտություն է, որն իրականացվում է Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) կողմից Հարավային Կովկասի երկու երկրներում՝ Հայաստանում և Վրաստանում: Ծրագիրը սկսվել է 2004 թվականին: