Փորձագետներն ակնկալում են, որ հաջորդ շաբաթ Վրաստանում կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը կսկսի նվազել, ինչպես նաև մահացության ցուցանիշները, որոնք այժմ բարձր մակարդակի վրա են, կնվազեն:

«Վարակի բարձր մակարդակից ևս 2-3 շաբաթ անց մահացությունը մնում է բարձր նշաձողի վրա: Դրա պատճառով էինք մենք ասում, որ օգոստոսի վերջը՝ սեպտեմբերի առաջին շաբաթը, կլինի ամենից ծանրաբեռնված ժամանակահատվածը, երբ էլ մենք ակնկալում էինք մահացության բարձր ցուցանիշ: Կարծում ենք, որ հաջորդ շաբաթվա վերջին այս ցուցանիշը կնվազի, քանի որ կանցնի 2-3 շաբաթվա միջակայքը՝ վարակի և մահացության գագաթնակետերի միջև»,- հայտարարել է Իմունացման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն՝ Իվանե Չխաիձեն:

Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի չորրորդ ալիքում, որն ամենադաժանը դարձավ վարակի տարածման և մահացության մակարդակով: Ըստ փորձագետների՝ դա պայմանավորված է կորոնավիրուսի «դելտա» տարբերակի տարածմամբ:

Միևնույն ժամանակ, նոր տարբերակը բավականին ագրեսիվ է երեխաների և հղիների նկատմամբ: Հիվանդների այս խումբը համեմատաբար ավելի հեշտությամբ էր հաղթահարում նոր կորոնավիրուսի նախորդ տարբերակները: