Վրաստանում նոր քաղաքացիական շարժում է կազմավորվել: Հուլիսի 11-ին կազմավորված «Ընտրի՛ր Եվրոպան» շարժման նպատակն է՝ պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան, երկրի անկախությունն ու ազատությունը։
«Ընտրի՛ր Եվրոպան» շարժման հիմնադիրներն են՝ անվտանգության փորձագետ Խաթունա Լագազիձեն, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքական վերլուծաբան Լելա Ջեջելավան, փորձագետ Գիորգի Ռուխաձեն, քաղաքական գիտությունների դոկտոր, Վրաստանի համալսարանի պրոֆեսոր Լաշա Ձեբիսաշվիլին և գործարար Իվա Ճկղոնիան։
«Ընտրիր Եվրոպան» հուլիսի 18-ից կայցելի շրջաններ: Ըստ նրանց՝ մինչև հոկտեմբերի 26-ը փորձելու են հնարավորինս մոբիլիզացնել արևմտամետ ընտրողներին ընտրությունների համար։
Շարժման շնորհանդեսին մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ասել, որ նման նախաձեռնությունը «անհրաժեշտություն է»։ Ըստ նրա՝ ընտրություններին նախորդող 100 օրը և՛ քիչ է, և՛ բավարար է, որ հասարակությունն իր խոսքն ասի: