Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքում» իրականացված փոփոխությունների վրա, որը նվազեցնում է ԿԸՀ-ի որոշումների ընդունման համար անհրաժեշտ քվորումի 2/3-ը՝ հասնելով ամբողջական կազմի մեծամասնության։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։

«Փոփոխությամբ վերացվում է ԿԸՀ-ում որոշումներ կայացնելու համար կուսակցությունների միջև կոնսենսուսի անհրաժեշտությունը և իշխող կուսակցությունը հնարավորություն ունի որոշումներ կայացնել գործնականում որպես մեկ կուսակցություն»,- ասված է նախագահի աշխատակազմի տեղեկատվության մեջ։

Բացի այդ, նախագահը ստորագրել է «Հակակոռուպցիոն օրենքում» փոփոխությունների փաթեթը, սակայն, վարչակազմի տվյալներով, Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ներկայացված փոփոխությունները մակերեսային են։

«Ներկայացված փոփոխությունները մակերեսային են և մասնատված, դրանք չեն կարող բավարարել Եվրահանձնաժողովի պահանջները՝ Եվրամիությանն անդամակցելու և բանակցություններ սկսելու ինը պայմաններից մեկը, որը նախատեսում է հակակոռուպցիոն բյուրոյի արդյունավետության հետագա խթանում և իր ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ամրապնդում։ «Վրացական խարտիայում» հակակոռուպցիոն բյուրոյի անկախությունը բարձրացնելու համար առաջարկվում է դրա համակարգային բարեփոխում՝ խորհրդարանի կողմից ղեկավարի ընտրություն և բյուրոյին հետաքննական լիազորությունների տրամադրում։

Այսօրվանից բյուրոյի ղեկավարին նշանակում է վարչապետը և բյուրոն լիազորված է ընտրական սուբյեկտների մասով իրականացնելու մի շարք հատուկ վարչական վարույթներ»,- նշվում է Նախագահի աշխատակազմի տեղեկատվության մեջ: