Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 991 դեպք:

Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու և կանխարգելելու նպատակով, օպերատիվ կերպով արձագանքում են իրավախախտման բոլոր դեպքերին:

Ոստիկանությունը տուգանել է 87 ֆիզիկական անձի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն:

Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 904 ֆիզիկական անձ տուգանվել է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ կրելու կանոնը խախտելու համար:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:

Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի: