Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ մինչև 2030 թվականը (կամ ավելի վաղ) Վրաստանը կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ միաժամանակ կհաղթահարվեն երեք հիմնական համաճարակները՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ C և հեպատիտ B։
Նրա խոսքով, հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում բուժվել է մոտ 87 հազար հիվանդ, որոնցից 99%-ը (մոտ 86 հազար հիվանդ) ամբողջությամբ բուժվել է։
Վրաստանն արդեն դարձել է առաջին երկիրը, որտեղ քրոնիկական հեպատիտ C-ի բուժման նման բարձր ցուցանիշ է գրանցվել, մասնավորապես, մինչ ծրագրերի մեկնարկը, երկրում հեպատիտ C-ի տարածվածությունը կազմում էր 5,4%, իսկ կրկնակի ուսումնասիրության համաձայն՝ անցկացված ամերիկյան կողմի հետ 2021 թվականին, քրոնիկ հեպատիտ C-ի տարածվածությունը նվազել է մինչև 1,8% (67% նվազում), որը երաշխավորում է երկրում հեպատիտ C-ի վերացումը մինչև 2030 թվականը:
Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ին, ապա այսօր Վրաստանում հետևյալ ցուցանիշներն են. ՄԻԱՎ-ով վարակվածների 85%-ը բացահայտված է, նրանցից 84%-ը ստանում է հակավիրուսային բուժում, իսկ բուժման ենթարկվողների 94%-ը հասել է վիրուսի ճնշման։
ԱՀԿ-ի կողմից թիրախային ցուցանիշները՝ 95%-95%-95%:
Ինչ վերաբերում է հեպատիտ B-ին.
ԱՀԿ-ի նպատակն է մինչև 2030 թվականը նվազեցնել հեպատիտ B-ի նոր դեպքերը 90%-ով, իսկ մահերը՝ 65%-ով։
Վրաստանում հիվանդ է 70 հազար մարդ, որից 35 հազարը հակավիրուսային բուժման կարիք ունի։
Ընթացիկ տարվա հունիսի 20-ին Վրաստանում մեկնարկել է հեպատիտ B-ի բուժման պետական ծրագիրը, ըստ Ցերցվաձեի, դրանում ընդգրկված է քրոնիկական հեպատիտ B-ով ավելի քան 100 հիվանդ։