Ախալքալաքի մունիցիպալիտետում 16 սոցիալապես անապահով ընտանիք, այդ թվում՝ Իմաստուն Գդլյանը Եվրամիության աջակցությամբ, արդեն երկու տարի է կարողանում է անվճար արևային էներգիա օգտագործել։

Իմաստուն Գդլյանը երկու թոռնիկների հետ Գումբուրդո գյուղում է ապրում։ Նա «Վերականգնվող էներգիայի խթանումն Ախալքալաքի մունիցիպալիտետում» ծրագրի շրջանակներում արևային վահանակներ է տեղադրել սեփական տան բակում։

Ախալքալաքում սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղված՝ «Վերականգնվող էներգիայի խթանումն Ախալքալաքի մունիցիպալիտետում» ծրագիրն իրականացրել է Ախալքալաքի Տեղական զարգացման խումբը (LAG)՝ Եվրամիության և UNDP-ի ֆինանսական աջակցությամբ։

Իմաստուն Գդլյանը նախագծի մասին իմացել է գյուղի պատգամավոր Արամայիս Զաքարյանից և որոշել է դիմել։

Նախքան արևային վահանակների տեղադրումը Գդլյանների ընտանիքը էլեկտրաէներգիայի համար ամսական վճարել է մոտավոր 30 լարի։ Այս ծրագրի  արդյունքում՝ Իմաստունը ամսական ոչ միան 30 լարի է տնտեսում, այլև կարող է էներգիա վաճառել։

1

«Արևային վահանակները տեղադրելուց հետո էլեկտրաէներգիայի գումար չեմ վճարում։ Սալօջախն եմ միացնում, լավ է, շատ գոհ ենք։ Իսկ գումարը, որը նախքան այդ էի վճարում հոսանքի համար, հիմա խնայում եմ, ուրիշ բանի վրա եմ ծախսում»,- ասում է ծրագրի շահառուներից Իմաստունը։

Գդլյանների ընտանիքը հիմնական եկամտի աղբյուր չունի։

«Կարտոֆիլ քիչ եմ մշակում, մի կով ունեմ և այս օգնությունը շատ մեծ բան էր մեզ համար։ Թոռնիկներիցս մեկն արդեն ընդունելության քննություններին է պատրաստվում, իսկ մյուսը՝ դեռ դպրոցական է»,- ասում է նա։

Ախալքալաքի LAG-ի անդամ Ենոք Բաբաջանյանը, ով այս տեսակի էլեկտրաէներգիայի օգտագործման փորձ ունի, ասում է․

«Ինչ վերաբերում է այս նախագծին, ապա 25 տարի սոցիալապես անապահով ընտանիքները հոսանքի գումար չեն վճարի։ Սոցիալապես անապահով ընտանիքները հիմնականում ծախսում են 18, 25, 30 լարի, ոչ ավել։ Շատ հետաքրքիր և արդյունավետ նախագիծ էր, արդյունքը տեսանելի է, ես դժգոհ մարդ չեմ տեսել»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Նրա խոսքով,  «Վերականգնվող էներգիայի խթանումն Ախալքալաքի մունիցիպալիտետում» ծրագրով հաշվարկված  է, որ այդ մարդիկ 25 տարի էլեկտրաէներգիայի գումար չեն վճարելու։ Տեղադրվել են 3 կՎտ հզորությամբ արևային վահանակներ։ Այն ընտանիքները, որոնք կծախսեն 3 կՎտ-ից քիչ, ապա մնացած էլեկտրաէներգիան կկուտակեն, որը կարող են վաճառել «ԷներգոպրոՋորջիա» ընկերությանը։ Այսինքն՝ համապատասխան դիմում են ներկայացնում և այդ գումարը փոխանցվում է նրանց հաշվին։

Ընդգծենք, որ նախագիծն Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվել է սոցիալական միավորներ ունեցող անապահով ընտանիքների համար։ Ծրագրի ֆոնդը կազմում է 100 000 դոլլար։