Հուլիսի 6-ին, Կուլիկամ գյուղի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց, իրենց գյուղի վատ ճանապարհների ասֆալտապատման պահանջով: Բնակիչների հետ հանդիպումից հետո քաղաքապետը գնացել էր գյուղ և տեղում համոզվել բնակիչների ճշմարտացիության մեջ: Նա խոստացել է այս տարի գյուղի հիմնական ճանապարհը լցնել մանրախիճով, իսկ հաջորդ տարի ասֆալտապատել այն:
Կուլիկամի բնակիչները բողոքում են գյուղի կենտրոնական ճանապարհի սարսափելի վիճակից, որը ձգվում է գրեթե գյուղի ամբողջ տարածքով: Մի քանի օր առաջ տեղած հորդառատ անձրևը վնասել էր Կուլիկամի ճանապարհի մի մասը: Այս գյուղում անանցանելի է դարձել գյուղի գլխավոր ճանապարհը:
Գյուղացիների խոսքով, այս տարի նրանք, ճանապարհի անմխիթար վիճակի առումով, արդեն երրորդ անգամ են բողոքում տեղական իշխանություններին:
«Այս տարի արդեն երրորդ անգամ ենք գալիս քաղաքապետարան, չորրորդը չի լինելու: Նրանք մեզ ուշադրություն չեն դարձնում, թող նրանք ընդհանրապես չմտնեն մեր գյուղ », – վրդովված ասում է բնակիչներից մեկը:
Կուլիկամ գյուղի բնակիչ Միշա Մարաբյանի խոսքերով, երբ նրանք վերջին անգամ՝ հուլիսի 1-ին, եղել էին քաղաքապետի մոտ, նա խոստացել էր օգնել իրենց, բայց մինչ այժմ որևէ աշխատանք չի իրականացվել:
«Այդ ժամանակ նա ասել էր, որ բացի պետական 20 խորանարդ հասանելիք ավազից, նա լրացուցիչ կտրամադրի ևս 4 մեքենա: Սակայն, մինչ այժմ ոչինչ չի արվել: Անհնար է այս ճանապարհով երթևեկել ինչպես ոտքով, այնպես էլ մեքենայով, եկեք և ինքներդ կհամոզվեք », – ասաց նա:
Երեկ բնակիչները կրկին եկել են քաղաքապետարան և վրդովված են եղել քաղաքապետի պատասխանից: Մի քանի հոգի մտել են քաղաքապետի մոտ, նա նորից նրանց խոստացել է, որ ճանապարհը կլցնեն 4 մեքենա մանրախիճ, բայց այս որոշումը չի բավարարել Կուլիկամ գյուղի բնակիչներին, քանի որ, նրանց կարծիքով, այնտեղ անհրաժեշտ է 20-ից 40 մեքենա մանրախիճ:
Կուլիկամի բնակիչները դժգոհ էին քաղաքապետի պատասխանից:
«Եթե մեր գյուղում ասֆալտ չլինի, մենք կփակենք ճանապարհը: Բավական է, ինչքան կարելի է մեզ խաբել: Այս տարի գյուղում պետք է ասֆալտ լինի: Ինչու ղեկավարությունը չի արձագանքում », – ասել է Սարգիս Չոկանդարյանը:
Մի քանի րոպե սպասելուց հետո նրանք ամբոխով մտել էին քաղաքապետարանի շենք, չսպասելով պատասխանին, թե արդյոք քաղաքապետը կիջնի ներքև: Արդյունքում, քաղաքապետը Կուլիկամի բնակիչների հետ զրուցել էր քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Գյուղացիների հետ հանդիպմանը ներկա էին քաղաքապետի տեղակալներ Շալվա Բալախաձեն և Արմեն Մառանգոզյանը:
Խոսելով գյուղացիների հետ, նա խոստացել է, որ այս տարի իրենք կկազմեն գյուղի ճանապարհների ասֆալտապատման նախագիծը, իսկ հաջորդ տարի կասֆալտապատեն: Գյուղացիները պահանջել են, որ ճանապարհն ասֆալտապատեն Բավրա գյուղի միջով, ինչին Յուրիկ Ունանյանը պատասխանել է, որ իրենք հաշվի կառնեն գյուղացիների ցանկությունը և ճանապարհը կասֆալտապատեն նրանց համար ամենահարմար տարբերակով:
Սակայն ճանապարհի վիճակը ժամանակավորապես բարելավելու համար Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը խոստացավ ճանապարհը լցնել մանրախճով: Այն պատճառով, որ ցուցարարների հետ հնարավոր չեղավ պայմանավորվածության գալ մանրախճով մեքենաների քանակի հարցում, քաղաքապետը որոշեց գնալ գյուղ և տեղում որոշել դրանց քանակը:
JNEWS- ը նույնպես գնաց Կուլիկամ գյուղ: Ճանապարհն իսկապես սարսափելի վիճակում էր:
«Ես եկա, տեսա սեփական աչքերով և համոզվեցի: Այսօր բնակիչները եկել էին ինձ մոտ: Մի քանի օր առաջ հորդառատ անձրև և կարկուտ էր տեղացել, ինչն էլ քանդել էր ճանապարհը: Մենք եկանք այն եզրակացության, որ գուցե ավազ բերենք այն ընկերությունից, որն այստեղ ասֆալտապատմամբ է զբաղվում և ճանապարհը լցնենք ավազով: Այս տարի մենք կպատրաստենք նախագիծը, իսկ հաջորդ տարի կսկսենք ասֆալտապատումը », – ասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Կուլիկամի բնակիչները բողոքում են քաղաքապետարանի դիմաց, պատճառը՝ ճանապարհի սարսափելի վիճակն է