Վրաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ին նախորդ տարվա համեմատ, ավելացել են 7%–ով` կազմելով 1,2 մլրդ դոլար։
Այս մասին վկայում են Վրաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալները։
Դեպի Վրաստան դրամական փոխանցումների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին: Սա ունի իր տրամաբանական բացատրությունը: Վրաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է: Արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայ ազգաբնակչության միջին տարիքի տղամարդկանց 90 տոկոսից ավելին:
32-ամյա Սևակը բնակվում է Ախալքալաքում, կամ ավելի ճիշտ է ասել տարվա մեջ 4 ամիսն անցկացնում է հայրական տանը, իսկ մնացած ժամանակ աշխատում է Ռուսաստանում:
«Ուրիշ ելք չունենք, աշխատատեղ չկա: Շատ թե քիչ էլի Ռուսաստանում է հնարավոր փող վաստակել: Անցած տարի շատ վատ էր, ռուսականն արժեզրկվեց 1000 ռուբլին արժեր 30 լարի: Այս տարի համեմատած ավելի լավ է մոտ 40-45 լարի տալիս են»,- ասաց Սևակ Զատիկյանը:
2016 թվականին ավելացել է Ռուսաստանից դեպի Վրաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը, քանի որ ռուբլին անցած տարվա համեմատ բավականին ամրապնդել է դիրքերը դոլարի նկատմամբ, իսկ լարին արժեզրկվել:
Վրաստանում 2016 թվականին դրամական փոխանցումների ներհոսը ըստ երկրների հետևյալն է.
Ռուսաստան՝ 394,5 մլրդ դոլար, Հունաստան՝ 221,4 մլն դոլար, ԱՄՆ՝ 127,7 մլն դոլար, Իտալիա՝ 121,2 մլն դոլար, Թուրքիա՝ 87 մլն դոլար, Իսրայել՝ 60,7 մլն դոլար:
Նշենք, որ 2016 թվականին ավելացել է նաև Վրաստանից արտերկիր դրամական փոխանցումների ծավալը: Ընդհանուր առմամբ Վրաստանից արտերկիր է փոխանցվել 194 մլն դոլար, 14%-ով ավելին, քան 2015 թվականին էր:
Աղունիկ Այվազյան