Վրաստանի նման երկրում, երբ գրեթե ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, մարզկենտրոններում և գյուղերում երիտասարդների համար գրեթե զբաղմունքի վայրեր չկան։ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում կյանքը սկսվում ու ավարտվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Այն երիտասարդները, որոնք դպրոցն ավարտելուն պես տեղափոխվում են մեծ քաղաքներ արտագնա աշխատանքի  կամ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, հնարավորն ու անհնարինն են անում, որպեսզի գյուղ չվերադառնան, որովհետև այնտեղ իրենց համար կյանքը «կանգնած է»։ Jnews-ը մի քանի գյուղի օրինակով, փորձել է նկարագրել իրավիճակը մունիցիպալիտետի գյուղերում:

Ալաթուման

Ալաթումանը Ախալքալաքի շրջանի արտագաղթի ամենաբարձր ցուցանիշ ունեցող գյուղերից մեկն է, գյուղի բնակչությունը վերջին տարիներին զգալի նվազել է, իսկ երիտասարդների թիվը՝ կտրուկ:  Բանն այն է, որ երիտասարդների համար գյուղում զբաղմունքի գրեթե ոչ մի վայր չկա։ Միայն փոքր մի մարզադաշտ կա, որի կառուցման աշխատանքներն էլ իրականացվել են Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում և մի քանի տարում։ Գյուղ մտնելուն պես աչքի է ընկնում գյուղի մշակույթի տունը, որի դռները փակ են:  Մարզադահլիճը նույնպես քարուքանդ վիճակում է, անձրևոտ եղանակներն ավելի են վնասել շենքը։ Շենքի տանիքը, հատակն ու պատերն ամբողջությամբ կանաչել են, իսկ սպորտային գույքը բորբոսնել է։

Mshakuyti tuny - 1

nersic - 1

Ալաթումանի Մշակույթի տունը

Ալաթուման գյուղի մասնագետ Մակբեթ Տոնոյանի խոսքով, գյուղը զրկված է գրեթե ամեն ինչից, երիտասարդների համար հետաքրքրություն չկա։ Նրանց մեծ մասը գյուղից հեռացել է։ Մի մասը կրթություն է ստանում Վրաստանի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, մյուս մասը՝ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան։ Նրանք, ովքեր հնարավորություն են ունենում ոչ միայն իրենք չեն վերադառանում հայրենի գյուղ, այլև ընտանիքներին են տանում

Եթե 90-ական թվականներին Ալաթումանում ապրում էր մոտավոր 240-250 ընտանիք, ապա այսօրվա տվյալներով, գյուղում ապրում է ընդամենը 100 ընտանիք։

«Այս թիվը տարեց տարի նվազում է: Նույնը դպրոցում է, ժամանակին 300 աշակերտ էր սովորում մեր դպրոցում, 10 տարի առաջ 70-75, իսկ այսօր աշակերտների թիվը 50-ից պակաս է։ Այս տարի ընդամենը 4 շրջանավարտ ենք ունեցել։ Իսկ առաջին դասարանցիների թիվն այս տարի 10-ն է, բայց հիմնականում 3-4 առաջին դասարանցի ենք ունենում», – ասաց Մակբեթ Տոնոյանը։Alatumani marzadahlij

Alatumani marzadahlij 2

Ալաթումանի մարզադահլիճը, նկարները  Jnews-ի Արխիվից: Մարզադահլիճը այժմ փակ էր, սակայն Գյուղացիների խոսքով ներսում ոչինչ չի փոխվել, մարզադահլիճի վիճակը էլ ավելի է վատացել:

Շոթա Օվակիմյանը Ալաթուման գյուղից է, Թբիլիսիում է սովորում, մասնագիտությամբ ծրագրավորող է։ Այսօր նա բավականին հաջողություների է հասել Թբիլիսիում և գյուղ  վերադառնալու ցանկություն չունի:

«Գմեն ինչ դժվարհասանելի է, այնտեղ հնարավորություններ չկան: Հիմա այստեղ սովորում եմ, մասնակցում եմ բազմաթիվ միջոցառումների՝ թե մասնագիտական և թե ոչ ֆորմալ կրթական դասընթացների, որոնք օգնում են իմ մասնագիտական գիտելիքների զարգացմանը, ձեռք եմ բերում ծանոթներ տարբել ոլորտներից, խորհրդակցում ենք միմյանց հետ, կիսվում անցած ճանապարհով ու հաջողություններով: Կարճ ասած՝ կյանքն այստեղ  հետաքրքիր է անցնում: Գնամ գյուղ ի՞նչ անեմ, ես ոչինչ չեմ կարող այնտեղ անել»,- ասում է Շոթան:

Բալխո

Բալխո գյուղը գտնվում է մարզկենտրոն Ախալքալաքից 16 կմ հեռավորության վրա:  Գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար այստեղ վարելահողերը քիչ են։ Իսկ գյուղի դպրոցն 9-ամյա է։ Ըստ այդմ՝ երիտասարդներն իրենց ապագայի պլանները կազմում են գյուղից դուրս։

Balxo-1

balxoyi gradaran - 1

Balxo gradaran - 1

Բալխո գյուղի գրադարանը

Գյուղապետ Մինաս Շահբազյանի խոսքով, գյուղում ոչ երիտասարդական կենտրոն ունեն, ոչ գրադարան, և ոչ էլ մարզադաշտ: Երիտասարդների մեծամասնությունը՝  60-70%-ը դպրոցն ավարտելուն պես ուսումը շարունակում է՝ կամ Երևանում, կամ Թբիլիսում։ Իսկ մնացածը՝  կամ արտագնա աշխատանքի է մեկնում, կամ տեղում  գյուղատնտեսությամբ է զբաղվում: Ըստ գյուղապետի, ներկայումս արտագաղթի տեմպերը մեծ չեն, բայց ամեն դեպքում այն կանգ չի առել:

«Գյուղի բնակչությունը 10 տարի առաջ եղել է 750 մարդ, այսօր այդ թիվը նվազել է հասնելով 470-ի։ Ինչ վերաբերվում է դպրոցի աշակերտների թվին, ապա 2007 թվականի տվյալներով դպրոցում սովորում էր 138 աշակերտ, իսկ այսօր ընդամենը՝ 42»,- ասաց Մինաս Շահբազյանը:

Կարեն Գասպարյանը Բալխո գյուղի այն երիտասարդներից է, ով որոշել է ուսումը շարունակել Թբիլիսիում, այժմ սովորում է Տեխնիկական համալսարանի բիզնես էկոնոմիկա բաժնում:  Կարենը նշում է, որ այստեղ հնարավորություները մեծ են և գյուղ գնալու ցանկություն չունի։ Հավելում է՝ բոլորն էլ մտքում մտածում են գյուղը թողնելու ու հեռանալու մասին։

«Գյուղում ոչ մի տեղ չկա, որ երիտասարդներով կարողանանք հավաքվել, խոսել, ժամանակ անցկացնել, մի գրադարան կա այն էլ վատ վիճակում է գտնվում և ոչ ոք չի օգտվում այնտեղից: Ես հաստատ գյուղ չեմ վերադառնա, այնտեղ ապագա չկա»,- ասում է Կարենը։

Մոդեգամ

Մոդեգամը ոչ միայն մունիցիպալիտետի ամենահեռավոր գյուղերից մեկն է, այլև՝ ամենափոքր։ Գյուղն օր օրի դատարկվում է, պատճառը կենսապայմանների բացակայությունն է: Գյուղացիները ստիպված, բայց կողպում են սեփական տան դռներն ու հեռանում։ Փակ դռների հետևում թողնելով իրենց մանկությունը և այն ամենը ինչը իրենց կապում է հայրենի գյուղի հետ:

Modegam-1-e1691736449787
Գյուղ Մոդեգամ

Մոդեգամի դպրոցը ևս 9-ամյա է, առանց ջեռուցման համակարգի ու բավարար պայմանների։

Գյուղապետ Արամայիս Չախալյանի խոսքով, գյուղը գազաֆիկացված չէ, ճանապարհ չունեն, ապրելու տարրական պայմաններ չկան, որի արդյունքում գյուղի բնակչությունը զանգվածաբար արտագաղթում է։ Ասում է՝ ով դպրոցն ավարտում է անվերադարձ հեռանում է գյուղից:

Մոդեգամի դպրոցում այսօր սովորում է 7 աշակերտ, մինչդեռ նրանց թիվ 10 տարի առաջ մոտ 20-ն է եղել: Գյուղի բնակիչների թիվը վերջին 10 տարում նույնպես կտրուկ նվազել է, եթե 10 տարի առաջ գյուղում մոտ 250 բնակիչ կար, այսօր այդ թիվը նվազել է՝ հասնելով 120-ի:

Բոզալի

Բոզալին փոքր գյուղ է։ Գտնվում է մարզկենտրոնից 21-կմ հեռավորության վրա, Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա: Չնայած այն հանգամանքին, որ գյուղը մոտ է մայրուղուն և երկաթգծին, սակայն դրանից գյուղի խնդիրները չեն պակասում։ Այստեղ խնդիրներն անվերջ կարելի է թվարկել՝ երկաթգծի պատճառած անհարմարություներից մինչև երիտասարդների զբաղվածության վայրերի բացակայություն, ինչը երիտասարդներին ստիպում է գյուղից հեռանալու ելքեր փնտրել։ Այսօր Բոզալիում ապրում է 218 մարդ։

Bozali_Village
Գյուղ Բոզալի

Արարատ Մեյրոյանը Բոզալի գյուղից է, ուսման նպատակով այժմ Թբիլիսիում է։ Իլիայի պետական համալսարանում ուսումնասիրում է Միջազգային հարաբերություններ և գերմաներեն: Արարատը նշում է՝ գյուղում միակ հետաքրքիր վայրը դպրոցն է։

«Գյուղը փոքր է, իսկ երիտասարդները՝ քիչ։  Գոնե մի վայր լինի, որտեղ ժամանակ անցկացնեք, աշխատատեղեր լինեն, որպեսզի այն երիտասարդները, որոնք մնացել են, չհեռանան», – ասում է Արարատը:

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ կողպված դռները մունիցիպալիտետի հեռավոր ու փոքր գյուղերում ավելանում են, մարդիկ ընտանիքներով հեռանում են։ Եթե արտագաղթն այս տեմպերով շարունակվի, ապա հեռավոր գյուղերում, բացի մեծահասակներից, ոչ ոք չի մնա: 

logoმასალა მოემზადა ჯავახეთის საინფორმაციო ცენტრი Jnews-მა, ორგანიზაციისთვის “ახალგაზრდები დემოკრატიული ცვლილებებისთვის”, USAID-ის სამოქალაქო საზოგადოების ჩართულობის პროგრამის მხარდაჭერით. მასალის მომზადება შესაძლებებლი გახდა ამერიკელი ხალხის გულუხვი დახმარების წყალობით, ამერიკის შეერთებული შტატების საერთაშორისო განვითარების სააგენტოს(USAID) დაფინანსებით. მასალის შინაარსზე პასუხისმგებელია “ახალგაზრდები დემოკრატიული ცვლილებებისთვის”.  ის შესაძლოა არ გამოხატავდეს EWMI-ის, USAID-ის ან/და ამერიკის შეერთებული შტატების მთავრობის შეხედულებებს.