Նալբանդյան փողոցը կրկին վերածվել է առևտրային կենտրոնի: Գյուղատնտեսական մթերքներին փոխարինել են գրենական պիտույքները: Տեղական իշխանությունները վստահեցնում են, որ սա ժամանակավոր է, իրենք ընդառաջել են առևտրականներին:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Նալբանդյան փողոցում կրկին հայտնվել են առևտրական սեղաններ, որտեղ գրենական պիտույքներ են վաճառում:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը մեզ տված հարցազրույցում նշեց, որ փողոցային առևտուրը ընդհանրապես կարգելվի, իսկ փողոցում առկա առևտրական սեղանների վերաբերյալ ասաց.

«Դպրոցներին ընդառաջ 7 առևտրականներ մեզ դիմեցին խնդրանքով, որ ժամանակավոր թույլ տանք նրանց առևտուր անել Նալբանդյան փողոցում, մենք էլ ընդառաջելով նրանց թույլատրեցինք, որպեսզի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը վաճառեն»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետը։

Առևտրականները գոհ են: Նրանք դիմել են քաղաքապետարան և ստացել թույլտվություն։

«Գոհ ենք, դիմել ենք քաղաքապետարան թույլ են տվել մի ամիս կանգնել, հետո չենք կանգնի»,- ասաց գերնական պիտույքներ վաճառող մի երիտասարդ:

Բնակիչների շրջանում շշուկներ են տարածվում, որ Նալբանդյան փողոցում մասսայական առևտուրը կրկին կվերսկսվի Նոր տարվա նախաշեմին։ Այդ փաստը չժխտեց նաև քաղաքապետը։

«Հնարավոր է թույլ տանք մի 15 օրով, եթե շուկան շատ ծանրաբեռնված լինի, դա էլ ի օգուտ ժողովրդի, սակայն էլի ժամանակավոր»,- ասաց Յուրիկ Ունանյանը:

Քաղաքապետը նշեց, որ այս ամենն արվում է հանուն առևտրականների և գնորդների հարմարավետության, որպեսզի ապրանքի գները արհեսատականորեն չթանկանա, իսկ առևտրականները կկատարեն իրենց Ամանորի առևտուրը։

Գայանե Ակոջյան