Վրաստանում 2020 թվականի նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում երկրի ամբողջ տարածքում նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին գործում է կառավարության կոմունալ ծառայությունների փոխհատուցման ծրագիրը։ Նախագծում մինչ այժմ փոփոխություն չի գրանցվել։

Ինչպես ևս մեկ անգամ վերահաստատեցին կառավարության թեժ գծից՝ պետական սուբասիդավորման ծրագրում որևէ փոփոխություն չի արվել։

«Այսօրվա դրությամբ սպառողը, եթե 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ/մետր բնական գազ սպառի, ապա պետությունը կվճարի, չորս ամսվա ընթացում, ներառյալ փետրվարը։ Եթե թանկացել է էլեկտրաէներգիայի արժեքը, ապա 300 կՎտ էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառողը կվճարի հին փոխարժեքով։ Բայց միայն փետրվար ամսից հետո», – JNEWS-ին հայտնեցին Վրաստանի կառավարության թեժ գծից։

Ըստ նախագծի կառավարությունը վճարում է միայն մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա ու 200 խորանարդ/մետր գազ սպառողների կոմունալ ծախսերը։

2021 թվականի հունվարի 1-ից Վրաստանի ողջ տարածքում 3,5 թեթրիով թանկացել է էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն կառավարությունը որոշում է կայացրել 2021 թվականի ընթացքում մինչև 300 կՎտ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սուբսիդավորել թանկացած 3,5 թեթրին, այսինքն՝ 2021 թվականի ընթացքում բնակիչները մինչև 300 կՎտ սպառելու դեպքում վճարելու են նույն գինը, ինչ թանկացումից առաջ:

Ինչպես JNEWS-ին հայտնեցին Energo-Pro Georgia ընկերությունից, ինչպես ամբողջ երկրի տարածքում, այնպես էլ Ախալքալաքում կգործեն այդ թանկացումները։

Մինչ հունվար ամիսը կենցաղային սպառողի համար էլեկտրաէներգիայի արժեքը հետևյալն էր՝

– 1-101 կՎտ-ի դեպքում 14,23 թեթրի,
– 101-301 կՎտ-ի դեպքում 18,21 թեթրի,
– 301 կՎտ-ից ավելիի դեպքում 22,73 թեթրի,

Իսկ այսօրվա տվյալներով՝

– 1-101 կՎտ-ի դեպքում 17,73 թեթրի,
– 101-301 կՎտ-ի դեպքում 21,70 թեթրի,
– 301 կՎտ-ից ավելիի դեպքում 26,22 թեթրի։

Բնակիչները մինչև 300 կՎտ սպառելու դեպքում վճարելու են նախկին սակագներով, իսկ 301-ից բարձրի դեպքում՝ նոր։ Բայց փետրվար ամսից հետո, քանի որ մինչև փետրվար պետությունն է սուբսիդավորել թանկացումը: Այս մասին հայտնեցին Energo-Pro Georgia ընկերության թեժ գծից։

Հարկ է նշել, որ 200 կՎտ էլեկտրաէներգիայի և 200 խորանարդ/մետր գազի սպառման փոխհատուցման սուբսիդավորման ծրագիրը կապ չունի վերոնշյալ հակաճգնաժամային ծրագրով նախատեսված սուբսիտավորման հետ։