Ախալքալաքում դեռևս թանկացել են միայն որոշ ապրանքներ, սակայն երաշխավորված չէ, որ մյուս ապրանքները չեն թանկանա, քանի որ վաճառողները բարձրացնում են միայն արդեն իսկ գնված ապրանքների գները, սակայն նոր գները, որոնք անվանում են մատակարարները՝ բազմաթիվ առևտրականների ստիպել են հրաժարվել նոր գնումներ կատարելուց:
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ արժեզրկվել, Ուկրաինայում պատերազմ է, այս բոլոր գործոնները մեծ ազդեցություն ունեն Վրաստանում պարենային ապրանքների գների վրա։ Եվ ոչ միայն սննդամթերքի, այլ նաև առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են՝ ալյուրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը և այլն:
«Թանկացում չի սպասվում, այն արդեն գրանցվել է: Թանկացում կլինի բոլոր ուղղություններով: Քանզի մենք ներմուծումից կախված երկիր ենք՝ սա մեկ, իսկ լարիի փոխարժեքն էլ բարձրանում է՝ սա երկու։ Դա կապված է դոլարի փոխարժեքի և պատերազմի հետ, կապված է պատերազմի հետ, քանի որ երկու պատերազմող պետություններն էլ՝ թե Ռուսաստանը, որը օկուպացրել է մեր երկրի 20%-ը, որը նենգաբար ներխուժել է Ուկրաինա, հանդիսանում է մեր երկրորդ առևտրային գործընկերը, և թե Ուկրաինան, որը մեր 6-րդ առեւտրային գործընկերն է, մեր բարեկամն է։ Ուստի, նախ դա անշրջելիորեն կազդի մեր արտաքին առևտրային հարաբերությունների վրա, և երկրորդ՝ լարիի փոխարժեքը մեծապես կախված է այն փոխանցումներից, որոնք այս երկու երկրներում տնտեսական միգրացիայի մեջ գտնվող մեր քաղաքացիները կատարել են Վրաստան։ Եվ իհարկե, այս հոսքը կմարի, գոնե տեսանելի ապագայում այն հետզհետե կնվազի: Սա մեծ ճնշում կգործադրի լարիի վրա, մենք դա արդեն տեսնում ենք»,- ասում է քաղաքագետ Վալերի Ճեճելաշվիլին։
Ախալքալաքում վերջին մի քանի օրվա ընթացքում շաքարավազը կտրուկ թանկացել է՝ 50 կգ-ի դիմաց այն 116 լարիից դարձել է 175-180 լարի, այսինքն՝ մեկ կգ շաքարավազը թանկացել է ավելի քան 1 լարիով։ Ալյուրի գինը շարունակում է մնալ 50 կգ-ի դիմաց 73 լարի։ Հավի բուդը 4,80 լարիից դարձել է 6 լարի։ Մթերքների մեծ մասը, որոնք առևտրականները կապում են դոլարի փոխարժեքի հետ, թանկացել են մոտ մեկ լարիով։
«Չեմ բացառում, որ Վրաստանի պահեստներում դեֆիցիտ է, քանի որ ձավարեղենը, կաթնամթերքը, շատ ապրանքներ, օրինակ՝ արևածաղկի ձեթը, ներկրվում էր հիմնականում Ռուսաստանից և Ուկրաինայից, ուստի դա միանգամայն սպասելի էր։ Սրա մեջ զարմանալի ոչինչ չկա։ Իհարկե, կան երկրներ, որոնք կարող են լրացնել մեր այս պակասորդը, հնարավորությունը միշտ կա, քանի որ սա համաշխարհային շուկա է, մենք ունենք բաց տնտեսություն և ազատ առևտուր խոշոր շուկաների ճնշող մեծամասնության հետ, բայց պարզապես դա ավելի թանկ կլինի, և համապատասխանաբար, դա կազդի նաև սուպերմարկետներում գների վրա։ Առաջին հերթին ներմուծման փոխարինումը կկատարվի Թուրքիայից և եվրոպական երկրներից։ Տեղական արտադրությունը նունյպես հնարավոր է դիտարկվի, բայց դրա մասին պետք էր նախապես մտածել, իսկ հիմա դրա համար լուրջ վերակառուցում, արտադրական ցիկլ կպահանջվի։ Սա այդպես չէ, որ այսօր ցանեցի, իսկ վաղն արդեն հավաքեցի բերքը»,- ասում է Վալերի Ճեճելաշվիլին։
Քրիստինե Մարաբյան