Այսօր՝ հուլիսի 1-ին, Ախալքալաքում, «Line up» կենտրոնում տեղի ունեցավ գոմանցի երիտասարդ գրող Բեգլար Չրաղյանի նոր գրքի շնորհանդեսը։
Ծնունդով Գոման գյուղից երիտասարդ բանաստեղծ Բեգլար Չրաղյանն այսօր ներկայացրեց իր չորրորդ գիրքը՝ «Քանդված կանթեղ» վերնագրով։ Շնորհանդեսին ներկա էին դպրոցի ուսուցիչները, որտեղ գրողը ստացել է իր նախնական կրթությունը, ինչպես նաև տեղական իշխանությունների և կրթական համակարգի ներկայացուցիչներ:
«Սա իմ 4-րդ գիրքն է, որը լույս է տեսել Երեւանում, որտեղ այն արդեն վաճառքում է։ Մտածում ենք գիրքը Ջավախքում եւս վաճառելու մասին։ Այս գիրքը նման չէ մյուսներին։ «Քանդված կանթեղ»-ում ամենից շատ խոսում է փիլիսոփայությունը, հոգեբանությունը, ընդհանուր առմամբ, այնտեղ խոսվում է մարդկային շփման մասին: Ինչո՞ւ եմ այն անվանել «Քանդված կանթեղ»: Ինձ համար կյանքում ամենադժվար գործընթացն ինչ-որ բան սկսելն է։ Սկսելուց է կախված ամեն ինչի իմաստը։ Գրքում խոսվում է նյութական և հոգևոր աշխարհի մասին, մեր օրերի խնդիրների մասին, որոնք հիմնականում առնչվում են նյութական աշխարհին»,- իր գրքի մասին ասում է հեղինակը։
«Քանդված կանթեղ» գիրքը լույս է տեսել 100 օրինակով, այն տպագրվել է Ռուսաստանում բնակվող նրա ավագ եղբոր ֆինանսական աջակցության շնորհիվ:
Բեգլար Չրաղյանը ծնվել է Գոման գյուղում, 9 տարի սովորել գյուղական դպրոցում, ապա ուսումը շարունակել Հայաստանում։ Ընդունվել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական քոլեջ, ապա 4 տարի ծրագրավորում է սովորել համանուն համալսարանում։ Այժմ նա վերադարձել է հայրենի Ջավախք և այստեղ աշխատում է որպես ՏՏ մենեջեր շրջանի 12 դպրոցներում։ Բեգլարը սկզբում միայն բանաստեղծություններ, հիմա արդեն պատմվածքներ ու վեպեր է գրում։ Նա արդեն հրատարակել է 4 գիրք, որոնցից առաջինը՝ «Հոգուս աչքերը», լույս է տեսել, երբ Բեգլարը դեռ 19 տարեկան էր։ 2021 թվականին լույս է տեսել նրա երկրորդ՝ «Թաքնված կարոտ» գիրքը, իսկ 2022 թվականին՝ «Կրկնվող սիրո նոյեմբեր»-ը, և հիմա արդեն՝ «Քանդված կանթեղ»-ը։