Հասարակություն 20 Ապրիլի, 2023 • Բեգլար Չրաղյան՝ ծրագրավորող բանաստեղծը Գոմանից

Թեև մենք էինք ու մեզնով էր այս ամբողջը,
Բայց ամբողջի մեջ մենք չէինք տերը…
Մեր կյանքը առանց մեզ դարձավ մի կրկես,
Մենք էլ հեռվից նայող լուռ հանդիսատես:

Քառատողը «Կրկնվող սիրո նոյեմբեր» գրքից է, որն այն երեք գրքերից վերջին է, որի հեղինակը Ջավախքի Գոման գյուղից երիտասարդ բանաստեղծ Բեգլար Չրաղյանն է: Բեգլարը մանկուց հետաքրքրված է եղել իր բառերով ասած՝ բանաստեղծություների աշխարհով: Եվ իրական կյանքում տեղի ունեցող դեպքերը, իր մտքերը մեր հերոսը որոշել է հանձնել թղթին, դրանք դարձնելով իր բանաստեղծական աշխարհի մի մասը: Նա իր առջև նպատակ է դրել՝ օգնել մարդկանց, բայց ոչ թե ֆինանսապես, այլ հոգեպես:

Մեր հերոսը մանկությունն անցկացրել է Գոման գյուղում, 9 տարի սովորել է գյուղի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Հայաստանում: Ընդունվել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական քոլեջ, ապա նույն անվանունը կրող համալսարանում 4 տարի ծրագրավորում է սովորել:

338547036_1366334097271146_3537019492403462603_n

Այժմ նա վերադարձել է հայրենի Ջավախք և այստեղ է աշխատում, որպես IT մենեջեր շրջանի 12 դպրոցում: Դպրոցներից որպես ուսուցիչ աշխատելու հրավերներ նույնպես եղել են՝ թե գրականության, թե ինֆորմատիկայի թեքումով, բայց Բեգլարը մերժել է դրանք տարբեր պատճառներով: Նա նշում է ապագայում հնարավոր է ընդունի առաջարկները և աշխատի որպես ուսուցիչ, բայց նաև չի բացառով նորից Երևան վերադառնալու տարբերակը:

«Դեռ մանկուց հետաքրքրված եմ գրականությամբ, իմ ոչ հայրական և ոչ մայրական կողմում գրողներ չկան, դա ես ժառանգաբար չեմ ստացել, այլ իմ հետաքրքրություներն ինձ տարան դեպի բանաստեղծական աշխարհ: Մասնագիտություն ընտրեցի ծրագրավորումը, քանի որ այս ոլորտը նույնպես իմ հետաքրքրություների մեջ էր մտնում, կարծում եմ իմ հետաքրքրություները տարբեր են միմյանցից և դրա համար շրջապատում ինձ հաճախ են հարցնում ինչպես եմ համատեղում բանաստեղծական աշխարհը վիրտուալ աշխարհի հետ, և ինչ կապ ունեն դրանք իրար հետ,  ես այդ հարցին ունեմ իմ պատասխանը՝ ծրագրավորումն իմ մասնագիտությունն է, իսկ բանաստեղծություներ գրելը՝ իմ ապրելակերպը»,- ասում է մեր հերոսը:

Բեգլարը սկզբնական շրջանում միայն բանաստեղծություներ է գրել, հիմա արդեն պատմվածքներ և վեպեր է գրում: Հրատարակած 3 գիրք ունի, որոնցից առաջինը «Հոգուս Աչքերը» գիրքն է, նա 19 տարեկան էր, երբ լույս տեսավ իր առաջին գիրքը:

338557443_3041245972849219_5553546420318951008_n

«Բանաստեղծություներ ավելի հաճախ սկսեցի գրել Երևանում ապրելու տարիներին, այն ժամանակ հաճախ էի կարդում տարբեր գրողների բանաստեղծություները: Երազում էի, որ մի օր կունենամ հրատարակված իմ գիրքը, և մեծ եղբորս օգնությամբ 2019 թվականին հրատարակվեց իմ առաջին գիրքը, որն իմ երազանքի իրականացումն էր», — պատում է նա:

2021 թվականին արդեն լույս է տեսնում նրա երկրորդ գիրքը՝ «Թաքնված կարոտ»-ը, իսկ 2022-ին  «Կրկնվող սիրո նոյեմբեր» գիրքը: Այժմ երիտասարդ բանաստեղծը պատրաստվում է հրապարակել իր չորորդ գիրքը, որը կտրուկ  կտարբերվի մնացած երեքից, քանի որ այն ոչ թե հիմնված է լինելու իրական դեպքերի, այլ՝ ավելի շատ առեղծվածային, փիլիսոփայական երևույթների մասին:

Ապագայի պլանների մասին խոսելիս մեր հերոսը ուզում է, որ իր չորրորդ գիրքը թարգմանվի ռուսերեն, քանի որ Ռուսաստանում իր գրքերը կարդալու հետաքրքրություն աճում է, իսկ հայերենի ոչ բավարար իմացությունը խանգարում է նրանց ձեռք բերել և կարդալ ջավախքցի բանաստեղծի գրքերը:

338419742_1156414808369390_3847154188377166356_n

Բեգլար Չրաղյանի գրքերը վաճառքում են և հասանելի են Հայաստանի «Բուկինիստ» գրախանութների ցանցերում, առաջիկա օրերին վաճառքի կհանվեն նաև մյուս  գրախանութներում: Ջավախքում նրա գրքերը դեռ հասանելի չեն:

 

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝