Ախալքալաքցի հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Մնացականյանը կմասնակցի 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Սա արդեն երկրորդ Օլիմպիական խաղերն են Հայկի մարզական կարիերայում։
Հայկը 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2020 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից, 2019 և 2022 թվականների Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, 2023 թվականի Բուլղարիայի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող։
Jnews-ը Հայկի մասին գրել էր 2023 թվականի փետրվարին, այդ ժամանակ նա նշել էր, որ իր գլխավոր նպատակը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերն են։
Այսօր նա արդեն պատրաստվում է այս մրցումներին, որոնք կկայանան օգոստոսի 6-ին, Փարիզում։
«Երբ մարդ աշխատում է ու ջանք գործադրում, նրա համար անհնարին ոչինչ չկա։ Այն մարդը, ով ամբողջապես տրվում է իր աշխատանքին, կարող է հասնել ամեն ինչի: Սա արդեն երկրորդ փորձն է, բայց ես իսկապես հույս ունեմ, որ այս անգամ հաղթանակ կգրանցեմ»,- մեկնաբանում է ըմբիշը։
Հայկն օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագիրը ստացել է ապրիլին։ Ասում է, որ դրան նախորդել է բավականին բարդ ճանապարհ, երբ քիչ էր մնում թողներ սպորտը:
«Աշխարհի առաջնությունում երրորդ և Եվրոպայի առաջնությունում հինգերորդ տեղից հետո ես անկում ապրեցի: Երբ ինձ ուզեցին ուղարկել արտոնագրված առաջին մրցաշարին, ասացի, որ չեմ հասցնի վերականգնվել, ժամանակ խնդրեցի Մոսկվա գնալ ընտանիքիս մոտ և ասացի, որ կմասնակցեմ երկրորդ արտոնագրված մրցաշարին։ Երբ ես գնացի Մոսկվա, չէի հավատում, որ կվերադառնամ մեծ սպորտ, կարծում էի, որ սա վերջն է, վերջին կետը։ Փառք Աստծո, որ կողքիս էին ինձ հարազատ մարդիկ և ես կարողացա վերականգնվել, հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է»,- ասում է Հայկ Մնացականյանը։
Դեռ Տոկիոյի վերջին Օլիմպիական խաղերից ի վեր Հայկի նպատակն էր վերադառնալ և լավ արդյունք ցույց տալ։
«Իհարկե, նախորդ անգամ լավ հանդես չեկա, և ուզում եմ ինքս ինձ ապացուցել, որ ես կարող եմ»,- նշում է նա։
Խոսելով Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու մասին՝ Հայկը պատմեց, որ փորձում է չչարաշահել ու նախապես չսպառվել՝ խաղերին ընդառաջ։
«Այնպես չէ, որ ես ամեն օր մտածում եմ Օլիմպիական խաղերի մասին, ես արդեն մի անգամ եղել եմ Օլիմպիական խաղերում և տեսել եմ, որ ամեն ինչ հնարավոր է, և եթե շատ աշխատես, կարող ես դառնալ օլիմպիական չեմպիոն: Եթե ամեն վայրկյան մտածեմ այդ մասին, կարող եմ հյուծվել ու չցուցադրեմ իմ ողջ ներուժը մրցաշարում: Որոշիչ օրը մեկ ամսից է, և ես հույս ունեմ, որ այս օրը ես կկարողանամ տրամադրել ինձ»,- կիսվում է մարզիկը։
Անկախ ցուցադրած արդյունքից՝ Հայկը ծրագրում է Օլիմպիական խաղերից հետո կարճատև դադար վերցնել և հանգստանալ սպորտից։
«Ես երկար ժամանակ է, ինչ աշխատանքային պրոցեսում եմ և պետք է հանգստանալ, մի քանի ամիս ընդմիջում կանեմ, հետո կտեսնենք։ Բայց առայժմ ես ինձ այլ բնագավառում չեմ տեսնում», – ասում է Հայկը:
Ախալքալաքցի հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Մնացականյանն ըմբշամարտով զբաղվում է 7 տարեկանից։ Նա ծնվել է Ախալքալաքում, իսկ մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ սկսվել է նրա սպորտային ճանապարհը։ Այսօր նա հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։