Վրաստանը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ համագործակցության ուղղությամբ։ Այս մասին Թբիլիսիում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։
«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը վերջապես կավարտվի երկու կողմերի համար ընդունելի արդյունքով, ինչը կլինի կարևորագույն խթանը տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման համար: Մենք բազմիցս ապացուցել ենք, ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Դարչիաշվիլին։
Նա հավելել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը «հաստատակամ աջակցում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Նրա խոսքով, Բայրամովի հետ հանդիպմանը քննարկվել է Թբիլիսիի և Բաքվի միջև համագործակցությունը տարբեր ձևաչափերով։ Դրանց թվում է Արեւելյան գործընկերությունը, որի նպատակն է Եվրամիության հետ համատեղ նախագծերի իրականացումը։
Կողմերը նաև նշել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը և Չինաստանն ու Եվրոպան Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով կապող Տրանսկասպյան միջանցքի նշանակությունը։
Վրաստանը բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2021 թվականի հունիսին Թբիլիսիի մասնակցությամբ Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների՝ Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։
2022 թվականի հուլիսին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ 2023 թվականի հոկտեմբերին այստեղ «Մետաքսի ճանապարհ» ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների եռակողմ հանդիպումը։