Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեբատների է հրավիրել իշխող «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։«Նա պարտավոր է հանրությանը պարզաբանել որոշ դիրքորոշումներ․ ինչո՞ւ նա երկու անգամ պաշտոնանկ արեց կոռումպացված վարչապետին, իսկ հետո վերադարձրեց նրան։ Այնուհետև ամենաքիչ ժողովրդականություն վայելող վարչապետ նշանակեց։ Ի՞նչ է նա ցանկանում այս երկրից։ Մինչ ընտրությունները նա պետք է պատասխանի այս հարցերին»,- հայտարարել է Զուրաբիշվիլին, նշելով, որ իշխող կուսակցությունը կատարել է Իվանիշվիլիի պատվերը՝ թեքվել արևմտամետ ուղուց և մեկուսացրել երկիրը։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վտանգի տակ է դրել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ձգտումները: Չնայած միջազգային գործընկերների կոչերին, երկրում բողոքի ցույցերին, Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և հունիսին ընդունեց օրենքը։
Օրենքի ընդունումից հետո Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Մինչ այդ էլ ԱՄՆ-ն էր չեղարկել վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները։ Վաշինգտոնը նաև հայտարարել է, որ դադարեցնում է Վրաստանին ավելի քան 95 միլիոն դոլարի չափով օգնության ծրագիրը։