Բրյուսելում ԱԳ նախարարների մամուլի ասուլիսում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարների մեծամասնության կարծիքով, Վրաստանի կառավարությունը հեռվացնում է երկիրը Եվրամիությունից։ Եվ եթե կառավարությունը չփոխի այս քաղաքականությունը, Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն կփակվի։
Ըստ Բորելի, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կապակցությամբ կկրճատվեն քաղաքական շփումները Վրաստանի իշխանությունների հետ, կսառեցվի նաև պետական աջակցությունը և կվերանայվեն եվրոպական վարկերի ֆինանսավորման գծերը։
Բորելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը Վրաստանին Եվրամիությանն ավելի մոտեցնելու փոխարեն ավելի է հեռվացնում նրան։
«Քաղաքական դինամիկան հակասում է Վրաստանի բնակչության մեծամասնության ցանկություններին, և նախարարների մեծամասնությունը հստակ հայտարարել է, որ Վրաստանը հեռվանում է Եվրամիությունից։ Եվ եթե Վրաստանի իշխանությունները չփոխեն շարժման ուղղությունը, երկիրը չի կարողանա վերադառնալ եվրոպական ուղի։ Ես սա հայտարարում եմ հստակ և կոնկրետ. մինչև Վրաստանը չփոխի իր ուղղությունը, առաջընթացի չի հասնի դեպի Եվրամիություն:
Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք աջակցել քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին ապատեղեկատվության դեմ պայքարում և աջակցել ընտրական գործընթացին։ Ես հատուկ փաստաթուղթ եմ տարածել, մենք շարունակելու ենք վերահսկել իրավիճակը։ Մենք ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները։
Մենք կնվազեցնենք քաղաքական շփումները Վրաստանի կառավարության հետ, կսառեցնենք նաև կառավարության աջակցությունը և կվերանայենք եվրոպական վարկերի ֆինանսավորման գծերը։ Դա տեղի կունենա անմիջապես: Մենք հետևելու ենք իրավիճակին և իրավիճակի վատթարացման դեպքում լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք։
Մենք քննարկել ենք Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, այդ թվում՝ արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը: Մենք ցավում ենք, որ պաշտոնյաները լայնորեն ապատեղեկատվություն են տարածում Եվրամիության և նրա արժեքների մասին։
Մենք լսում ենք Վրաստանի բարձրագույն ղեկավարության հայտարարությունները, և զարմանալի է, որ, նրանց կարծիքով, այս օրենքը Վրաստանին մոտեցնում է Եվրամիությանը։ Ուզում եմ հստակ հայտարարել՝ ո՛չ։ Այս օրենքը և դրա շուրջ բացասական իրադարձությունների զարգացումը Վրաստանին հեռացնում են Եվրամիությունից։ Ես չեմ կարող արտահայտվել առավել հստակ կամ լակոնիկ: Սա Վրաստանին հեռացնում է Եվրամիությունից։ Այս հայտարարությանն աջակցել են 27 անդամներից 26-ը։ Սա կոնսենսուս չէ, բայց իրավիճակը գնահատելու համար մեզ կոնսենսուս պետք չէ»։