Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հրամանագիրն է ստորագրել, որի համաձայն` չեղարկվում է դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը, ինչպես նաև վերացվում է վիզային ռեժիմը: Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Ռուսաստանում մնալ մինչև 90 օր: Վրաստանի քաղաքացիներից վիզա կպահանջվի միայն այն դեպքերում, երբ ՌԴ-ում մնալու են 90 օրից ավելի և աշխատելու են: Իսկ ի՞նչ է սա նշանակում Վրաստանի համար, ինչպիսի՞ ազդեցություն կունենա երկրի քաղաքական իրավիճակի վրա, այս և այլ հարցերի շուրջ JNEWS-ը զրուցել է Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլիի հետ:
Ի՞նչ կարող է նշանակել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար:
– Սա կարող է մի քանի բան նշանակել, եթե գնահատենք հենց այս իրադարձությունը, ապա վիզայի առկայությունը ժամանակին իրենից ներկայացնում էր նեգատիվ պատժամիջոց Վրաստանի դեմ: Դա տեղի է ունեցել դեռ Շևերադնաձեի օրոք և կապված չէ Սահակաշվիլիի իշխանության հետ, այդ ժամանակ Ռուսաստանը հայտարարեց, որ մեր կողմից ահաբեկիչներ են մուտք գործում Ռուսաստանի տարածք, և այդ պատճառով վիզային ռեժիմ մտցրեց:
Հիմա մի շարք ռուս քաղաքագետներ իրենց դժգոհությունն են հայտնել Վրաստանի կառավարությունից՝ զերծ մնալով վիզային ռեժիմի չեղարկումից: Ինչպես երևում է, քաղաքական այն դժգոհությունը, որը կա Ռուսաստանի կողմից Վրաստանի կառավարության հանդեպ, նվազագույնի է հասցված: Բացի այդ, սա նշանակում է, որ այստեղի ռուսամետ ուժերը, բնականաբար, փորձելու են օգտագործել ՌԴ կառավարության այս որոշումը վրաց հասարակության մեջ Ռուսաստանի դրական իմիջն ամրապնդելու համար։
Որևէ առումով հնարավո՞ր է այս իրադարձությունը դրական գնահատել:
– Եթե սա լիներ որևէ այլ պետության հետ, որի հետ Վրաստանն ունի նորմալ հարաբերություններ, ապա բնական է, որ այն կգնահատվեր որպես դրական որոշում: Բայց այնպիսի երկրի հետ, ինչպիսին է Ռուսաստանը, որի հետ չունենք նորմալ հարաբերություններ, քանի որ օկուպացրել է Վրաստանի որոշ տարածքներ, կարծում եմ, դրական չենք կարող գնահատել: Ռուսաստանը փորձում է քաղաքական տեսանկյունից մեզ վերահսկելու փորձեր անել, որը հակասում է մեր ազգային շահերին: Այս պարագայում պետությունը պետք է ճիշտ գնահատի այս որոշման հետ կապված վտանգները: Դժբախտաբար, թե բարեբախտաբար, մեր հասարակությունը վերջին շրջանում ավելի ադեկվատ է ընկալում Ռուսաստանի շարժումները, ինչը, ցավոք, չեմ կարող ասել իշխանության մասին:
Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս իրադարձությունը Վրաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու վրա:
– Եվրամիության որոշման վրա այս իրադարձության հետ ուղիղ ազդեցություն չեմ տեսնում: Արդեն պարզ է, որ Եվրամիությունը պետք է քաղաքական որոշում կայացնի Վրաստանի հետ կապված, նա դեռ դժգոհ է շատ բաներից, որ կատարվում են մեր երկրում՝ կապված 12 կետից բաղկացած հանձնարարականների կատարման հետ:
Ինչու՞ հենց հիմա Ռուսաստանը որոշեց նման որոշում ընդունել:
– Թե ինչու՞ հենց հիմա, դժվարանում եմ պատասխանել, բայց ես կարծում եմ, երբ Ռուսաստանն ինչ-որ որոշում է ընդունում որևէ պետության հետ կապված, ապա այդ որոշումներն այսպես ասած անկախ չեն: Այն առումով, որ դրանք միանգամյա չեն, դրանք մնում են ընդհանուր քաղաքականության համատեքստում: Եվ այս որոշումն էլ հավանաբար կապված է մեկ այլ որոշման իրագործման հետ, ինչպիսին կարող է լինել, օրինակ՝ Վրաստանի հետ տարանցիկ տրանսպորտային կապերի վերականգնումը, քանի որ պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանին այդպիսի տրանզիտային մայրուղիների ստեղծումն անհրաժեշտ է:
Առանց վիզայի ռեժիմի պայմաններում կլինի՞ արդյոք Վրաստանի քաղաքացիների կողմից դեպի Ռուսաստան մեծ հոսք:
– Եթե վերցնենք կոնկրետ շրջաններ, որտեղ մարդիկ Ռուսաստանի հետ ունեն սոցիալ-տնտեսական կապ, ինչպիսին է օրինակ Սամցխե-Ջավախեթին, ապա կարծում եմ, այդ վայրերից մարդկանց հոսքը կաճի, թե որքանով լուրջ կլինի չեմ կարող ասել, բայց կգրանցվի հոսքի ինտենսիվություն: Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք Վրաստանի ամբողջ բնակչությանը, չեմ կարծում, որ պատկերն արմատապես կփոխվի:
Տեղեկության համար նշենք նաև, որ՝