Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները՝ երկրում զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Ընդգծենք, որ Վրաստանի քաղաքացիներն առանց հատուկ թույլտվության երկրից դուրս չեն կարող գալ:

Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, այդ մարդիկ ստիպված կլինեն կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում:

Ցամաքային սահմանների բացումը վերաբերում է օտարերկրյա այցելուներին: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների երկրից դուրս գալուն, այս դեպքում անհրաժեշտ է, որ նրանք ունենան հատուկ հրավեր, կամ թույլտվություն, ինչից հետո նոր միայն կկարողանան հատել երկրի սահմանը:

2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին` հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը: