Օրերս ավարտվել են Խուլգումո-Կուլիկամ գյուղերն իրար կապող ներքին գյուղական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները։

Ախալքալաքի քաղաքապետը, քաղաքապետի տեղակալը և համապատասխան ծառայության ներկայացուցիչների հետ տեղում ստուգել և գնահատել է ավարտված ենթակառուցվածքային աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Խուլգումո և Կուլիկամ գյուղերում կառուցվել է 2․4 կիլոմետր ճանապարհ։ Ճանապարհի զուգահեռ եզրերին ջրահեռացումներ են կատարվել։

Համապատասխան գծանշումների հետ մեկտեղ տեղադրվել են նաև ճանապարհային նշաններ։

Ծրագիրը ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից և տեղական բյուջեից, որի ընդհանուր արժեքը կազմում է 2 058 000 լարի։ Պայմանագրի ժամկետն այն ստորագրելու օրվանից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Ճանապարհը կառուցել է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։

Ընդգծենք, որ Խուլգումո և Կուլիկամ գյուղերի բնակիչները բազմիցս դիմել են տեղի ինքնակառավարման մարմիններին տվյալ ճանապարհի ասֆալտապաման համար:

Հարկ է նշել, որ Կուլիկամ գյուղի կենտրոնական ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է 2021 թվականին, որի համար մոտավոր 1 մլն լարի է ծախսվել: