2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հունիսի 21-ի տվյալներով, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է երեք կուսակցություն: Խորհրդարանում ներկայացված եւս 13 կուսակցություն կարող են ընտրություններին մասնակցել առանց գրանցման՝ ուղակի դիմումի միջոցով։
ԿԸՀ-ում գրանցված կուսակցություններն են.
1. «Սաքարթվելո» կուսակցություն՝ նախագահ Գիորգի Լիլուաշվիլի
2. «Երրորդ ուղի» կուսակցություն՝ նախագահ Գիորգի Թումանիշվիլի
3. «Գախարիան հանուն Վրաստանի»՝ կուսակցության նախագահ Գիորգի Գախարիա:
Որպեսզի կուսակցությունն ընտրություններին մասնակցելու իրավունք ունենա, կուսակցության համակիրների ընտրական ցուցակը ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում, բայց օգոստոսի 1-ից ոչ ուշ, կուսակցությունը պետք է ԿԸՀ ներկայացնի առնվազն 25 հազար ընտրողի ցուցակ, ովքեր աջակցում են կուսակցության մասնակցությանը Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունն ընտրական ցուցակ ստանալու համար, ընտրական տարվա հունվարի 1-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, պետք է դիմի Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Նշենք, որ այս տարվա ընտրությունները կլինեն առաջին ընտրությունները Վրաստանում, որոնք կանցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ 150 տեղ խորհրդարանում կլրացվեն կուսակցությունների օգտին քվեարկության հիման վրա։ Ընդ որում, կուսակցությունը խորհրդարան կարող է մտնել միայն հավաքելով առնվազն ձայների 5 տոկոսը։
Ընտրություններին առանց վերոնշյալ սցենարով գրանցման կարող են մասնակցել այն կուսակցությունները, որոնք գործող խորհրդարանում ունեն ընտրված ներկայացուցիչներ։ նրանք 13 կուսակցություն են։ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալու համար, այդ կուսակցությունները պետք է համապատասխան դիմումով դիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ստորագրված կուսակցության առաջնորդ(ների) կողմից, ընտրությունների նշանակման օրվանից ոչ ուշ, քան 57-րդ օրը։
Դրանք հետևյալ կուսակցություններն են.
1. «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան»;
2. «Լելոն Վրաստանի համար»;
3. «Նոր քաղաքական կենտրոն» – «Գիրչի»;
4. «Ալեկո Էլիսաշվիլի – քաղաքացիներ»;
5. «Եվրոպական Վրաստան. շարժում հանուն ազատության»;
6. «Վրաստանի հայրենասերների դաշինք»;
7. «Գեորգի Վաշաձե – Աղմաշենեբելի ռազմավարություն»;
8. «Օրենք և արդարություն»;
9. «Միացյալ ազգային շարժում»;
10. «Վրաստանի եվրոպական դեմոկրատներ»;
11. «Վրաստանի Հանրապետական կուսակցություն»;
12. «Պետության շարժում հանուն ժողովրդի»;
13. «Առաջընթաց և արդարություն»