Ընտրություններին հավատարմագրված բազմաթիվ դիտորդներ, մարդկային կուտակումներ ընտրատեղամասերի մոտակայքում, վախի մթնոլորտ և խաղաղ ընտրություններ: Հոկտեմբերի 30-ին Ախալցիխե-Ադիգենի ընտրատարածքում անցկացվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:

Ախալցխայում ընտրությունների օրն առաջին հայացքից խաղաղ էր ու հանգիստ: Առաջինը, որտեղ մենք եղանք Վալեի №44.37.09 ընտրատեղամասն էր: Ընտրատեղամասի մոտ մարդկային կուտակումներ էին: Մտածեցինք այստեղ ընտրություն կատարելու համար մարդիկ հերթ են կանգնում, սակայն իրականությունն այլ էր: Բանն այն է, որ քվեասենյակում ընտրողները հայտնվում էին 5-7 րոպեն մեկ: Ընտրողները հիմնականում տարեցներ էին: Ընտրատեղամասի մոտ խումբ-խումբ հավաքված մարդիկ հանգիստ խոսում էին ընտրությունների մասին, նրանց ուշի-ուշով մեքենաների մեջից հետևում էին ոստիկանները:

Ax3

Քվեասենյակում ընտրական հանձնաժողովի անդամներից շատ, տարբեր կազմակերպությունների կողմից հավատարմագրված դիտորդներն էին: Նրանք աչքերով մանրակրկիտ զննում էին յուրաքանչյուր ընտրողի: Բոլորը լուռ հետևում էին քվեարկությանը, միմյանց հետ խոսում հայացքներով, նույնիսկ ծանոթներն իրար բարձրաձայն չէին բարևում: Ժամը 12-ի տվյալներով այս ընտրատեղամասում 1213 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքը կատարել էին 300 մարդ: Այսինքն, մարդիկ բավականին ակտիվ մասնակցում էին քվեարկությանը: Սակայն ընտրական հանձնաժողովի անդամներից մեկի խոսքերով, համեմատած հոկտեմբերի 8-ին անցկացված ընտրությունների, ակտիվությունը էականորեն նվազել է:

Վալեն սահմանային քաղաք է, բնակեցված հայերով ու վրացիներով: Ինչպես գյուղացիք են բացատրում ազգությամբ հայն ու վրացին այստեղ հաշտ ու համերաշխ են ապրում: Ընտրությունների մասին գրեթե բոլորը խուսափում են խոսել, կամ դժվարությամբ են համաձայնվում:

Ax

Օթար անունով ներկայացած մոտ 50 տարեկան տղամարդու խոսքերով, Վալեում հաղթելու էր «ազգայինների» թեկնածուն:

«Առաջին հերթին նա մեր գյուղից է, ինչպես կարող է իր գյուղն, իր օգտին չքվեարկել»,- ասաց Օթարը:

Վալեում 3 ընտրատեղամաս կա, հաջորդ տեղամասը, ուր մենք գնացինք հայկական դպրոցում էր գտնվում: Այստեղ իրական հերթ էր, մարդիկ շտապում էին ժամ առաջ ընտրություն կատարել: Խուսափում էին շփվել լրագրողների հետ: Սակայն գտնվեցին մարդիկ, ովքեր համաձայնվեցին առանց անվան բացատրել իրենց գյուղում տիրող իրավիճակը:

«Ճիշտն ասած բոլորը մեր գյուղում վախեցած են: Բոլորի տները հատուկ գնացել ասել են՝ կամ ընտրության չեք գնում, կամ քվեարկում եք «Երազանքի» օգտին: Մարդիկ վախեցած են՝ ու՞մ և ինչպե՞ս կարողանում՝ ճնշում են: Կախված նրանից, թե ո՞վ ինչ թույլ տեղ ունի», – ասաց մի կին:

Ax1

Եթե Վալեում քողարկված, բայց «վախի մթնոլորտ» էր տիրում, ապա Փոքր Պամաճ բացառապես հայերով բնակեցված գյուղում իրավիճակն այլ էր: Այս գյուղում մարդիկ բարեհամբյուր պատասխանում էին ընտրություններով հետաքրքրվողների հարցերին: Ինչպես գյուղացիները ասացին, իրենց համար բոլորովին մեկ է, թե ով կհաղթի:

70 տարեկան Շուշանիկ տատի պատմելով, իրենք այստեղ լավ են ապրում: Վերջինս առավոտյան 10-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը: Մեր հարցին՝ ու՞մ օգտին է քվեարկել, հնչեց «էտո սեկռետ» պատասխանը: Ժպիտը դեմքին Շուշանիկ տատը շարունակեց՝ «Ինչ կարևոր է, ում պետք է, շատ լավ գիտեն: Մի քանի օր անց ամեն ինչ կվերջանա»:

Մեկ այլ հայերով ու վրացիներով բնակեցված Սխվիլիսի գյուղում 2 ընտրատեղամաս կար, որոնք միմյանցից 200 մետր հեռավորության վրա էին գտնվում: Երկուսում էլ ընդհանուր մթնոլորտը խաղաղ էր: Առաջին հայացքից հանգիստ ու առանց խախտումների էին ընթանում: Կես ժամ սպասեցինք, սակայն այդպես էլ երկար սպասված ընտրողը չեկավ:

Ax2

Ըտրատեղամասի մոտ հավաքված մարդկանց խոսքերով 449 ընտրողից՝ 208-ը ժամը 14-օօ-ի դրությամբ քվեարկել էր: Այսինքն առավոտյան ժամերին բավականին ակտիվ մարդիկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Ընտրությունների երկրորդ փուլը ավարտվեց, Ախալցխայում ևս մարդիկ վերադառնում են իրենց սովորական առօրյային:

Աղունիկ Այվազյան