Այսօր տեղադրվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից քաղաքացիական բյուջետավորման շրջանակներում գնված գովազդային վահանակը։ Այս էկրանով այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 20:00-ին ուղիղ եթերով կցուցադրվի Եվրոպայի առաջնության շրջանակներում կայանալիք Վրաստան-Թուրքիա հանդիպումը։
Մունիցիպալիտետը գովազդային վահանակը ձեռք է բերել «Քաղաքացիական բյուջետավորում» ծրագրի շրջանակում՝ էկրանի տրամադրման/տեղադրման մրցույթի միջոցով։ Այն շահել է «Ledmon Advertising Company Ltd»-ն ՝ սկզբնական հայտարարված 29500 լարի գումարի չափով։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսից Ախալքալաքում իրականացվում է «Հասարակության հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակներում հասարակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցել մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին:
Ըստ նախագծի՝ Ախալքալաք քաղաքում գրանցված և(կամ) փաստացի բնակվող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող էր առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարեկարգմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնությունների բյուջեն չպետք է գերազանցեր 30 000 լարին։
Քաղաքապետարան ներկայացված 4 նախագծերից քվեարկության էր հանվել երկուսը` «Ինտերակտիվ գովազդային վահանակ Ախալքալաքի զարգացման համար» և «Ժամացույց»: Արդյունքում ընտվել էր գովազդային վահանակը:
Քաղաքապետարանը դեռ հստակ չի որոշել, թե ինչ տեսանյութեր կարող են ցուցադրվել այս գովազդային վահանակի վրա, և ովքեր են պատասխանատու դրա աշխատանքի և էկրանին ցուցադրվող բովանդակության համար։ Այս հարցը դեռ քննարկման փուլում է։