Ախալքալաքի թիվ 4 (Դեմիրճյանի անվան) հանրային դպրոցը ստացել է «Տարվա առաջատար դպրոց» տիտղոսը՝ հաղթելով ԱՄՆ ՄԶԳ Քաղաքացիական կրթության ծրագրով տեխնոլոգիական մրցույթում։ Դպրոցը դարձել է Սամցխե-Ջավախքի այն 5 դպրոցներից մեկը, որոնք արժանացել են այս կոչմանը և ստացել են տեխնիկա։
Թիվ 4 դպրոցը մասնակցել է «Քաղաքացիական կրթություն» ծրագրին, որն իրականացվում է PH International-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ և Վրաստանի կրթության նախարարության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ էր ամբողջ տարվա ընթացքում իրականացնել քաղաքացիական կրթության հետ կապված տարբեր աշխատանքներ։
Կատարված աշխատանքների արդյունքում դպրոցը դարձել է Ախալքալաքի մունիցիպալիտետի մրցույթի հաղթող և արժանացել «Տարվա առաջատար դպրոց» կոչմանը։ Ախալքալաք քաղաքի թիվ 4 դպրոցից բացի կոչումներ են ստացել նաև Հեշտիա գյուղի դպրոցը, Ադիգենի մունիցիպալիտետի 2 դպրոց և Ախալցիխեի 1 դպրոց։
Մրցույթին մասնակցելու նախաձեռնությամբ հանդես եկող թիվ 4 դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցչուհի Ռուզաննա Երեմյանի խոսքով, տարվա ընթացքում իրենք Քաղաքացիական կրթության ակումբի հետ միասին, որին մասնակցում են տարբեր դասարանների ակտիվ աշակերտներ, անցկացրել են մի շարք միջոցառումներ՝ հանդիպումներ սակրեբուլոյում, ինտեգրման դաս սահմանափակ կարողություն ունեցող երեխաների համար, հանդիպումներ ոստիկանության ներկայացուցիչների հետ վաղ ամուսնությունների, թմրանյութերի, տեղեկատվական գրքույկների ստեղծում, տպագրում և տարածում և այլն:
«Մենք պետք է ներկայացնեինք 2023 թվականի քաղաքացիական կրթության բոլոր աշխատանքները, որոնք իրականացվել են դպրոցում։ Մենք շուրջ 24 միջոցառում ենք արել։ Հիմնական շեշտը դրվել է քաղաքացիական ակումբի աշխատանքը ցույց տալու վրա»,- մեկնաբանում է Ռուզաննա Երեմյանը։
Մրցույթում հաղթելու համար դպրոցը ստացել է տեխնիկա՝ պրոյեկտոր, տպիչ և նոութբուք։ Ինչպես նշել է Ռուզաննա Երեմյանը, աշակերտները պատրաստվում են օգտագործել տեխնոլոգիաները քաղաքացիական կրթության հետ կապված ակտիվությունները շարունակելու համար։
«Քաղաքացիական ակումբի համար ունենք առանձին սենյակ, որտեղ երեխաները տարբեր ակտիվություններով են զբաղվում: Հիմնականում երեխաներն իրենք են դա օգտագործելու իրենց ակտիվությունների համար, նրանք բուկլետներ են տպում, պրոյեկտորով տարբեր նյութեր դիտում և այլն»,- նշում է նա։