Այս տարվա մայիսին ստացած նախադպրոցական կրթության ուսուցողական ձեռնարկները Ախալքալաքի մանկապարտեզներում արդեն կսկսեն օգտագործել:
Եվրամիությունը Եվրախորհրդի հետ միասին «Ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրումը Վրաստանում» ծրագրի շրջանակներում հրատարակել է նախադպրոցական նոր երկլեզու դասագրքեր: Ախալքալաքի մանկապարտեզներին բաժանվեցին հինգ տեսակի գրքեր `«Թվերը», «Գիրը»,«Տարվա եղանակները», «Պատկերներ» և «Վրացական այբուբեն»: Նրանցից յուրաքանչյուրից նախադպրոցական հաստատությունները ստացել են 497 հատ: Ախալքալաքում նախադպրոցական հաստատություններ հաճախում է 770 երեխա: Այսպիսով, առաջին անգամ նախադպրոցական հաստատություններում դասագրքեր են հայտնվել, բայց դրանց նկատմամբ վերաբերմունքը զգույշ է, քանի որ հայտնի չէ, թե ապագայում կստանան կրկին:
Մանկապարտեզները ուսումնական ձեռնարկները որոշել են բաժանել աշնանը, որպեսզի հաջորդ տարի դպրոց գնացող երեխաները կարողանան լիարժեք սովորել այդ ձեռնարկներով:
«Եթե ուսուցանվեր մայիսից, մի քանի էջ կանցնեինք, հետո այդ երեխաները գնացին դպրոց: Դուրս է գալիս գրքերը ավելորդ կմնային, քանի որ նրանք անհատական են: Դասագրքերը կբաժանենք սեպտեմբերին, գրքերը շատ լավն են: Մենք խնդիր ունենք մեթոդական ձեռնարկների հետ, նրանք պարզապես չկան: Մի ուսուցողական ծրագիրը տրամադրել է UNICEF-ը, բայց առանց թարգմանության է, վրաց լեզվով է: Դաստիարակների համար թրեյնինգներ էլ չկան: Թրեյնինգ եղել է 9 տարի առաջ, երբ բաժանեցին «Քայլ առ քայլ» ծրագիրը», – ասում է №2 մանկապարտեզի ղեկավար Մարինա Ասլանյանը:
2-րդ մանկապարտեզը մտադիր է ուսուցանել երեխաներին հոկտեմբերից, քանի որ №2 մանկապարտեզի բոլոր խմբերը հերթով են գնում արձակուրդ:
«Ես տվել եմ ուսումնական ձեռնարկները ուսուցիչներին, որպեսզի ծանոթանան, որ հետո նրանց ավելի հեշտ լինի դրանցով ուսուցանել երեխաներին: Առաջին տպավորությունը շատ դրական է, գրքերը դեռ դուր են գալիս: Բայց ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր խումբ ունենար առանձին ծրագիր: Հիմա մենք օգտագործում ենք Հայաստանի մանկապարտեզների ծրագրերը, որոնք գտել ենք ինտերնետից, բայց, իհարկե, ցանկալի կլիներ, որ հայկական մանկապարտեզների ծրագիրը Վրաստանը տրամադրեր: Սրանք առաջին ուսումնական ձեռնարկներն են, որ մենք ստացել ենք», – ասում է №3 մանկապարտեզի մենեջեր Սահարյան Կարինեն:
Քրիստինե Մարաբյան