Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Սրանից անմիջապես հետո իրավաբանները նկատեցին, որ օրենքի վերջնական տարբերակում հայտնվել են նոր կետեր, որոնց համաձայն օրենքը տարածվելու է նաև ֆիզիկական անձանց վրա։ «Ժողովրդավարության ուսումնասիրության ինստիտուտի» իրավաբան Անա Գախոկիձեն Jnews-ին պատմեց, թե կոնկրետ ինչպես կարող է օրենքն ազդել ֆիզիկական անձանց վրա:

Ֆիզիկական անձինք մոնիտորինգի շրջանակներում

Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը («Մոնիթորինգ») սահմանում է, որ «Բոլոր այն անձինք, մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները, որոնց դիմել է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից լիազորված անձը՝ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով, պարտավոր են անհապաղ տրամադրել նրան՝ իրենց տրամադրության տակ գտնվող նշված տեղեկությունը»։

Փաստաբան Անա Գախոկիձեի խոսքով, այս ձևակերպմամբ օրենքը ֆիզիկական անձանց վրա կարող է ազդել հետևյալ կերպ.

«Ցանկացած անձի վերաբերյալ կարող են հետաքրքրվել, թե կոնկրետ կազմակերպությունից ինչ ծառայություններ է ստացել, կարող են համապատասխան փաստաթղթեր պահանջել, ինչպես նաև տուգանել՝ տրամադրելուց հրաժարվելու համար»։

Օրինակ, եթե խոսենք ՀԿ-ի մասին, որը զբաղվում է աուտիզմով երեխաների վերականգնմամբ և հանդիսանում է «օտարերկրյա գործակալ», ապա Արդարադատության նախարարությունը կարող է տեղեկատվություն պահանջել այս կազմակերպությունում ծառայություններ ստացած այդ երեխաների ծնողների մասին և տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու դեպքում՝ տուգանք կիրառել ինչպես կազմակերպության, այնպես էլ կազմակերպությունը ներկայացնող ֆիզիկական անձի նկատմամբ։ Նաև Արդարադատության նախարարությունը կարող է ՀԿ-ներից պահանջել անձի մասին անձնական տվյալներ և տուգանել կազմակերպությանը, եթե նա հրաժարվի տրամադրել այդ տեղեկատվությունը:

Ֆիզիկական անձինք, ովքեր ստանում են իրենց եկամտի ավելի քան 20%-ը արտերկրից

Իրավաբանի խոսքով, օրենքի սահմանմամբ՝ այն, ընդհանուր առմամբ, կարող է տարածվել ոչ միայն 20 տոկոսից ավելի եկամուտ ունեցող ՀԿ-ների, որոնց եկամուտը արտերկրից է, այլև ֆիզիկական անձանց վրա ևս։

«Ընդհանուր առմամբ, եթե կոնկրետ անձը իր եկամտի 20%-ից ավելին ստանում է արտերկրից, և նա զբաղվում է որևէ գործունեությամբ, նրա նկատմամբ ևս կարող է տարածվել օրենքի այս սահմանումը, սակայն գործնականում նախապես պարզ չէ, թե Արդարադատության նախարարությունն ինչպես է ապահովելու այս օրենքի պահպանումը»,- նշում է նա։

Անան հավելում է, որ օրենքը այն ձևակերպմամբ, որով այն ընդունվել է Վրաստանում, չի ընդունվել անգամ Ռուսաստանում 2012 թվականին:

«Օրենքն այնքան անորոշ է, որ ամեն ինչ թույլ է տալիս։ Այն ընդունվել է այնպիսի մասշտաբով, որը նույնիսկ Ռուսաստանում չկար 2012 թվականին, երբ սկզբում ընդունվել էր նմանօրինակ օրենք: Ռուսաստանն օրենքին տվել էր այս ձևը հետագա փոփոխությունների արդյունքում, իսկ «Վրացական երազանքը» հաստատել է այն նույնանման բովանդակությամբ»,- նշում է նա։