Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի համաձայն՝ այս օրերին մշտադիտարկման մանրամասն կանոններ է սահմանվում Վրաստանի Արդարադատության նախարարության կողմից, բայց արդեն հայտնի է, որ լիազորված անձը կկարողանա տուգանել յուրաքանչյուր ֆիզիկական անձի՝ տվյալներ չտրամադրելու համար, այդ թվում՝ անձնական բնույթի։ Այն մասին, թե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մարդու ո՞ր հիմնարար իրավունքներն է խախտում՝ Jnews-ի նյութում։
«Վրաստանի արդարադատության նախարարության կողմից լիազորված անձին սույն օրենքի համաձայն պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելը հանգեցնում է տուգանքի 5000 լարիի չափով»,- կարդում ենք «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում՝ անձնական բնույթի տվյալների տրամադրման մասով։
Շարունակելով կարդալ՝ մենք հասկանում ենք, որ նույնիսկ տուգանքի դեպքում անձը, ումից տեղեկություն են հայցել, այն պետք է տրամադրի, նույնիսկ եթե վճարի տուգանքը, դա նրան չի ազատում նույնիսկ անձնական բնույթի տեղեկատվություն տրամադրելու պատասխանատվությունից, ինչպես նաև՝ նույնիսկ բողոքարկումը չի «դադարեցնում դրա գործողությունը»։
Այս օրենքը քաղաքացիական հասարակության և ընդդիմության շատ ներկայացուցիչներ համարում են խտրական, սակայն կոնկրետ այս կետը, իրավապաշտպանների կարծիքով, համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկի խախտում։ Այս մասը մեկն է այն բազմաթիվներից, որոնց համար հայց է ներկայացվել Վրաստանի Սահմանադրական դատարան՝ երկրի նախագահի և տարբեր կազմակերպությունների կողմից։
«Օրենքն, առհասարակ, շատ խնդիրներ ու հարցեր ունի: Այս մասին շատ հարթակներում է քննարկվել: Շատ վիճելի հոդվածներ կան, օրինակ՝ անձնական տվյալների հետ կապված հատվածը: Իրավական առումով՝ անձնական տվյալների պաշտպանության մասով կան լուրջ խնդիրներ: Այս անձը (խմբ. ով լիազորված է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից) իրավունք ունի պահանջել յուրաքանչյուր տիպի տեղեկություն և չկան խիստ սահմանափակումներ, ինչպես օրինակ այս կատեգորիան կարելի է, բայց այս մյուս կատեգորիան չի կարելի: Միակ բացառությունը պետական գաղտնիք է։ Իսկ այս տվյալները չտրամադրելն արդեն իսկ խախտում է հանդիսանում ու կա տուգանք։ Նաև ֆիզիկական անձանց դեպքում, ովքեր կարող են տուգանվել 5000 լարիով։ Եթե նույնիսկ սա վիճելի հարց է, և ասենք տուգանքը անօրինական է, և եթե բողոքարկեք, ամեն դեպքում պետք է գտնել այս 5000 լարին ու վճարել։ Հետո ամիսների ու տարիների ընթացքում վիճարկել դատարանի միջոցով ու ապացուցել, որ դու ճիշտ էիր, և միայն հետո պետությունից պահանջել վերադարձնել գումարը»,- ասում է փաստաբան Անդրանիկ Մինասյանը։
Տուգանքներ՝ ըստ այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի զվալի է՝ տատանվում է 25 000 լարիից մինչև 5000 լարի, վերջինս կդրդի բնակչությանը մատնության։
«Վրաստանում այսօր 5000 լարին մեծ գումար է, և պարզապես պետք է վճարել այն: Սովորաբար այլ դեպքերում, եթե այլ խախտում վերցնես, եթե դու համաձայն չես և վիճարկում ես, տուգանքների վճարման թվերը սառեցվում են, և դու պարտավոր չես վճարել այն դատավարության ընթացքում: Մինչև դատարանի վերջնական որոշմամբ չի սահմանվում դու ճիշտ ես, թե սխալ, սակայն այս օրենքով բողոքարկումը չի սառեցնում տուգանքի վճարման գործընթացը: Դա տեղի է ունենում հազվադեպ դեպքերում: Պատասխանատու անձը, ով պետք է մոնիթորինգ իրականացնի, եթե տուգանել է՝ մտածելով, որ դու ինֆորմացիայի ես տիրապետում, բայց չես պատասխանում, կամ սխալ ես պատասխանում՝ կարող է տուգանել։ Ասենք, կարելի է փողոցում գտնվող ցանկացած մարդու դիմել և պատասխան պահանջել: Հուսով եմ՝ սա կվերանայեն, արդարադատության նախարարը կկարգավորի այս հարցը, ումից կարելի է տեղեկատվություն պահանջել, իսկ ումից՝ ոչ։ Բայց օրենքում հստակեցումներ չկան, և գուցե փոփոխություններ չլինեն։ Բայց, ներկայիս տեսքով, օրենքը սահմանափակումներ չունի, և ցանկացած մարդ կարող է տուգանվել, անկախ նրանից, որ դու տեղեկության չես տիրապետում: Եվ կրկին այն, որ դուք կապ չունեիր և չէիր կարող տալ այս տեղեկատվությունը, պետք է ապացուցել դատարանում բողոքարկման միջոցով։ Փաստացիորեն, ռեգիստրում գրանցումը վերաբերում է իրավաբանական անձանց, ՀԿ-ներին, լրատվամիջոցներին, բայց տուգանքների մասով կարող են տուգանվել նաև ֆիզիկական անձինք»,- ասում է Անդրանիկ Մինասյանը։