«Քաղաքացիական բյուջետավորում» նախագծի շրջանակներում էկրանի գնման ապահովում/տեղադրում» մրցույթը կայացել է։
Այն շահել է «Լեդմոն Գովազդային Ընկերություն» ՍՊԸ-ն, այժմ ընթացքի մեջ է պայմանագրի կազմման գործընթացը։
Համաձայն մրցույթի, աշխատանքները պետք է կատարվեն պայմանագրի կնքման օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում։ Մրցույթում շահել է Թբիլիսիի «Լեդմոն Գովազդային Ընկերություն» ՍՊԸ-ն՝ առաջարկելով սկզբնապես հայտարարված 29500 լարի գումար։
Ըստ մրցույթում նշված տվյալների՝ էկրանը պետք է ունենա հետևյալ բնութագրերը՝ բացօթյա LED մոնիտոր 192 սմ բարձրություն, 352 սմ երկարություն, 2 արտաքին ներկառուցված բարձրախոս, 1 ձայնի ուժեղացուցիչ, առնվազն 2 տարի երաշխիքով։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 3-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում քաղաքացիները քվեարկել են «Քաղաքացիական բյուջե 2023»-ի շրջանակներում ներկայացված գաղափարներից առաջնահերթ նախագիծ ընտրության համար։ Իր ընտրությունը կատարել է 59 քաղաքացի։ Այն, որ Ախալքալաքի բնակիչները քաղաքացիական ակտիվ չեն, ևս մեկ անգամ հաստատվեց, երբ Ախալքալաքի քաղաքապետարանում ընտրություններ անցկացվեցին «Հասարակության հնարավորությունների ընդլայնում` հավասար և լիարժեք մասնակցության սոցիալ – տնտեսական և քաղաքական կյանքում» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերի վերաբերյալ:
Արդյունքում քվեարկել է 59 մարդ, որից 44-ը քվեարկել է «Ախալքալաքի զարգացման ինտերակտիվ գովազդային վահանակի» օգտին, իսկ 10-ը՝ «Ժամացույցի»: Հինգ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ քաղաքացիների ներկայացրած 4 նախագծերից քվեարկության էին հանվել երկուսը` «Ինտերակտիվ գովազդային վահանակ Ախալքալաքի զարգացման համար» և «Ժամացույց»: Ինչպես նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ՝ նշված նախագծերը ֆինանսական, իրավական և տեխնիկական տեսակետից համապատասխանում են պահանջվող չափանիշներին։
Այս տարվա օգոստոսից Ախալքալաքում իրականացվում է «Հասարակության հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակներում հասարակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցել մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին:
Ըստ նախագծի՝ Ախալքալաք քաղաքում գրանցված և(կամ) փաստացի բնակվող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող էր առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարեկարգմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնությունների բյուջեն չպետք է գերազանցեր 30 000 լարին։
Jnews-ը հաջորդականորեն հետևել է ծրագրի իրականացման ընթացքին։ Նշենք, որ նախաձեռնության նպատակը ոչ այնքան ծրագրերի իրականացումն է, որքան տեղական իշխանությունների և բնակիչների միջև կապի հաստատումն ու քաղաքացիական մասնակցությունը։ Սակայն նման հաղորդակցություն նախագծի ոչ մի փուլում դեռ չի եղել։ Նախագծի մասին ի սկզբանե չէր հայտարարվել Ախալքալաքի կայքում ու ՏԻՄ-երի սոցիալական ցանցերում, այսինքն՝ քաղաքացիները հնարավորություն չունեին տեղեկանալու այդ մասին։ Բացի այդ, HEKS EPER-ի և Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) ներկայացուցիչների հետ պոտենցիալ գաղափարների հանրային քննարկումների ժամանակ հանդիպման մասին տեղեկատվությունը նույնպես չէր տարածվել բնակչության շրջանում, ուստի դրան հիմնականում ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները: