Անցյալ ամառ Խաս Բախչա զբոսայգում անցկացված բնակչության հարցումների արդյունքների համաձայն՝ շատ բնակիչներ ասում էին, որ այգում կամ հարակից տարածքում բավարար սրճարաններ չունեն՝ երեկոյան ժամերին ժամանակ անցկացնելու համար։ Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեով սրճարանի կառուցման համար հատկացվել է 250 հազար լարի։
Շուտով կսկսվեն ամառային արձակուրդները, և ախալքալաքցիները, ինչպես միշտ ամառային ամիսներին, երեկոյան զբոսնելու են զբոսայգիներով։ Ախալքալաքում զբոսայգիներն ավելացել են, բայց չկան սրճարաններ, որտեղ կարելի է երեկոյան նստել, խմիչք խմել, ինչ-որ բան ուտել կամ պարզապես ժամանակ անցկացնել։
Սակայն մի քանի վայրերում արդեն կարելի է սրճարան բացել, օրինակ՝ Ջիվանու պուրակում սեղաններ են դրված, իսկ սրճարանն ինքը փայտից է, այնտեղ անցկացված է ջուր, գազ։ Սակայն, թե երբ կբացվի սրճարանը և ինչպես կորոշեն տեղական իշխանությունները, թե ովքեր և ինչպես են աշխատելու սրճարանում, դեռևս հայտնի չէ։
Սակրեբուլոն քննարկում է նաև Խաս Բախչա այգում Ջիվանու պուրակում կառուցված սրճարանի նման սրճարան բացելու հարցը։ Քննարկվում է նաև, որ անհիշելի ժամանակներից այնտեղ եղած վագոնները հանվելու են, սակայն վերջին վերանորոգման ժամանակ հանվել է նաև հին սրճարանը՝ ռետրո սեղաններով և աթոռներով։
«Մենք պետք է պայմանագիր կնքենք, և նա, ում հետ պայմանագիրը կնքված է, կլուծի ներքին սարքավորման հարցը և կսկսի աշխատել։ Ամենայն հավանականությամբ, այս հարցը կլուծվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Թե կոնկրետ ում է փոխանցվելու պայմանագրով սրճարանը, դեռ որոշված չէ։ Ինչ վերաբերում է կենտրոնական զբոսայգու սրճարանին, ապա այն պետք է կառուցենք։ Դեռ նախագիծ չկա։ Ինչ վերաբերում է այնտեղ եղած տարածքներին, քանի որ դեռ նախագիծ չունենք, առայժմ այնտեղ կմնան»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։