Արդեն մի քանի օր է Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվում։ Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրենն ասում է՝ դա ոչ թե կապված է նրա հետ, որ վարակը նահանջում է, այլ որ մարդիկ չեն գնում թեստ հանձնելու։ Կորոնավիրուսով վարակման դեպքերն նվազել են, կարծես մարդիկ վերադարձել են սովորական կյանքի, բայց ոչինչ այլևս առաջվանը չէ։
Հոկտեմբերի 17-ին Ախալքալաքում 30 արագ թեստավորում է կատարվել, դրական ոչ մի դեպք չի հայտնաբերվել: Ինքնամեկսուսացման մեջ նույնպես Ախալքալաքի շրջանում ոչ ոք չկա։
«Կորոնավարակը մեր կյանքից չի հեռացել։ Ամեն մարդու մոտ մի հետք թողնում է, այնպես չէ, որ հիվանդացան, լավացան և այդքանով ավարտվեց։ Ժողովրդի մոտ տարբեր հիվանդություններ առաջ եկան, օրինակ, կան մարդիկ, որոնց հիվանդանալուց անցել է 1 տարի, բայց դեռ մսից ժանգի հոտ են առնում, չեն կարող ընդհանրապես միս ուտել», – ասում է Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Սվետա Լագզյանը, ով շատերի նման հիվանդացել է կորոնավիրուսով, ասում է՝ համարյա բոլոր ասպարեզներում իր հետքն է թողել վարակը։
«Կորոնավարակի ընթացքում համարյա ամեն ինչի հետ կտրվեց մեր կապը, և կարծես հայտնվեցինք զուգահեռ աշխարհում, որտեղ կանոններն ուրիշ են։ Մինչև կորոնավարակը լրիվ այլ մարդ էի, ավելի ակտիվ ու աշխույժ էի, հիմա շուտ եմ հոգնում: Վարակն իր ազդեցությունը թողեց նաև մարդկանց ներվային համակարգի վրա, այնպիսի աննշան բաներից եմ նյարդանանում, որոնց մինչ այդ ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում։ Ինչպես նաև հիշողությանս հետ կապված խնդիրներ առաջացրեց», – ասում է Սվետան։
Սվետան նշում է, մարդկանց մոտ փոխվել են նաև արժեքները, հիմա ավելի զգույշ է բարեկամների, հարազատների հետ, կարծես կորոնավարակի առաջացրած վախը, մտերիմ կորցնելու առումով, ազդակ է՝ գնահատելու ամեն մի վայրկյանը:
«Կորոնավարակից հետո շատ դժվար էր մարդկանց հետ հարաբերություն ստեղծելը, բարեկամների տուն էլ հյուր չէինք գնում, կապի միակ միջոցը հեռախոսն էր դարձել։ Հետո, երբ վարակի դեպքերը նվազեցին, որոշ մարդիկ սկսեցին առանց վախի շփվել միմյանց հետ, բայց շատերի մոտ էի նկատում սպիրտ, կամ այլ ախտահանիչ միջոցներ։ Երբ սկսեցին հարսանիքներ, տարբեր միջոցառումներ թույլատրել, բոլորն ուրախացան, բայց կարծես արդեն հետ էինք վարժվել այդպիսի մեծ միջոցառումներից», – եզրափակում է մեր զրուցակիցը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերին կորոնավիրուս է ախտորոշվել 35 719 մարդու մոտ: Վերջին մեկ ամսում մահացել է 20 պացիենտ:
2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 1 792 109 դեպք, որից ավելի քան 16 900-ը մահացել է։