Այս տարի Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղն ավարտում է բակալավրիատի 40 ուսանող: Այս պահին շրջանավարտները սկսել են քննաշրջանը, որը կտևի մինչև հունիսի վերջ։
Շրջանավարտները երկու ֆակուլտետների՝ վրաց բանասիրության (16 շրջանավարտ) և տնտեսագիտության (24 շրջանավարտ), ուսանողներ են։ Համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն նշում է, որ այս ֆակուլտետներն ունեն և՛ հիմնական ծրագրեր՝ վրացական բանասիրություն և տնտեսագիտություն, և՛ լրացուցիչ, օրինակ՝ պատմություն, մանկավարժություն, որոնք ուսանողը կարող է յուրացնել ըստ ցանկության՝ լրացնելով 60 կրեդիտը, որից հետո երկուսն էլ կնշվի դիպլոմում։
Այս պահին Սամցխե-Ջավախքի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում գործում են վերը նշված երկու բակալավրիատի ծրագրերը, ինչպես նաև մասնագիտական կրթության մի քանի ուղղություններ՝ հաշվապահություն, համակարգչային ցանցեր, անտառտնտեսություն, էլեկտրատեխնիկա, մաքսային աշխատանք։ Համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեի խոսքով, կավելացվի նաև ագրոնոմիայի ծրագիրը։
«Մենք նոր ծրագիր ենք պատրաստել, ոչ մեծ, փոքր, նախապատրաստական ծրագիր է, ցանկացողները շատ են։ Դա տևում է ընդամենը 4-5 ամիս, և նրանք ստանում են նույն վկայականը, որը շատ անհրաժեշտ է»,- ասում է Մակա Բերիձեն։
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից