Բյուջեի թափանցիկության ինդեքսում (Open Budget Index 2023) Վրաստանը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը աշխարհի 125՝ ամբողջովին թափանցիկ երկրների շարքում։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ «Բյուջեի բացության ինդեքսը» գնահատում է նաև բյուջեի վերահսկողությունը և քաղաքացիների ներգրավվածությունը, որտեղ Վրաստանը 125 երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը:

Բյուջեի թափանցիկությունը՝ 87 միավոր (100 միավորից), բյուջետային վերահսկողությունը՝ 83 միավոր (100 միավորից), քաղաքացիների ներգրավվածությունը՝ 44 միավոր (100 միավորից):

«Համեմատած 2021 թվականի հետազոտության հետ՝ զգալի առաջընթաց է գրանցվել հարկաբյուջետային վերահսկողության ուղղությամբ: Վարկանիշը 74 կետից հասել է 83-ի, իսկ Վրաստանը 21-րդ տեղից տեղափոխվել է 5-րդ։ Վրաստանը տպավորիչ քայլեր է կատարել բյուջեի թափանցիկության ուղղությամբ։ 2012 թվականից Վրաստանը դուրս է եկել բյուջեի թափանցիկության առումով սահմանափակ թափանցիկություն ունեցող երկրների խմբից, իսկ մինչև 2017 թվականն անցել է առաջադեմ՝ լիովին թափանցիկ երկրների շարքը։ Միջազգային բյուջետային գործընկերությունն անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ոչ կառավարական հատվածի աջակցությամբ իրականացնում է թափանցիկության գնահատումներ ամբողջ աշխարհում՝ կենտրոնանալով հետևյալ ոլորտների վրա՝ բյուջեի թափանցիկություն, հանրային ներգրավվածություն և բյուջեի վերահսկողություն: Բյուջեի թափանցիկության ուսումնասիրությունն իրականացվում է երկու տարին մեկ անգամ»,- նշվում է Ֆինանսների նախարարության տարածած տեղեկատվության մեջ։