Այսօր՝ մայիսի 21-ին, Ախալքալաքի թիվ 2 հանրակրթական դպրոցում 30 շրջանավարտ հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախին։
Ծաղիկներ, հապշտապ քայլող մարդիկ, գեղեցիկ հագնված երիտասարդներ, երաժշտություն, հրաժեշտի խոսքեր, հուզումնալից ապրումներ… Հենց այս օրն է, որ երիտասարդները վերհիշում են դպրոցական անհոգ տարիները: Երկար ու ձիգ թվացող 12 տարիները տեսաֆիլմի նման անցնում են նրանց աչքերի առջև՝ դպրոցական առաջին օր, դասղեկ, դասարան, առաջին սեր, դպրոցական կատակներ ու վեճեր, ստուգողականներ, փախուստ դասերից, ինչու ոչ պատիժ և այլն:
Ընդհանուր խառնաշփոթի մեջ բոլորը ժպտում են: Շրջանավարտները մի շարքի կանգնած վերջին հրաժեշտն են տալիս այդքան հյուրընկալ հարազատ կրթօջախին: Տնօրեն, դասղեկ, ծնող հրաժեշտի խոսքեր են ուղղում երիտասարդներին, որին հաջորդում է շրջանավարտների հետաքրքիր համարները:
Ռուսական դպրոցի աշակերտները ճանապարհելով 12-րդ դասարանցիներին հանդես եկան անակնկալ կատարումներով, իսկ շրջանավարտները հրաժեշտ տալով դպորցին՝ երախտագիտության խոսքեր հնչեցրին իրենց ուսուցիչներին ու ծնողներին։
Ավանդույթի համաձայն՝ շրջանավարտներն առաջին դասարանցիներին փոխանցեցին դպրոցի ջահն ու բանալին։
Նշենք, որ այս տարի թիվ 2 դպրոցի 30 ավարտականներից 10-ը մեդալակիրներ են։
Շնորհավոր սիրելի շրջանավարտ, թող քո կյանքի ամեն արշալույս ժպտացող արևի ջերմ ճառագայթներով լեցուն լինի…