Սեպտեմբերի 12-ին Ախալքալաքում կկայանա քաղաքի 962-ամյակին նվիրված խոշոր տոնակատարություն: Բնակիչներին և այցելուներին հրավիրում են քաղաքի Կենտրոնական այգում նշելու «Ախալքալաք-2026»-ը:
Տոնական միջոցառումները կսկսվեն ժամը 15:00-ին: Կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր բոլոր տարիքի հյուրերի համար՝ վարպետության դասերից, մարզական մրցույթներից մինչև համերգներ, մանկական զվարճանքներ և հրավառություն: Ժամը 15:00-ից սկսած՝ Կենտրոնական այգում կբացվեն տարբեր թեմատիկ գոտիներ։
Տեղական ուտեստների պատրաստման վարպետության դասերը և համտեսը հյուրերին հնարավորություն է տալիս ծանոթանալու ավանդական խոհանոցին և համտեսելու տեղական նրբահամ ուտեստները։
Ազգագրական անկյունը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալու տեղական ավանդույթներին և մշակույթին։
Սպորտային մրցումներ՝ երեխաների և մեծահասակների համար։
«Օչո Պեհեբի»-ի նվագախմբի և զգեստավորված կերպարների երթ։
Ժամը 15:30-ին մանկական տարածքում կներկայացվի տիկնիկային ներկայացում՝ բատուտներով։
Ժամը 15:00-ից մինչև 19:00-ն այցելուները կվայելեն նաև զվարճանքի տարբեր տարբերակներ՝ զվարճալի մրցավազքեր, հրաձգարան, հուշանվերների խանութ, արվեստի գոտի, Just Dance պարային խաղեր, աճպարարի ներկայացում և դեմքի նկարչություն։
Ժամը 16:00-ից մինչև 17:00-ն նվագախումբը և զգեստավորված կերպարները կրկին շքերթով կանցնեն տոնական տարածքում։
Ժամը 17:00-ից մինչև 18:30-ը տեղի կունենա տեղական համույթների համերգ, որը հանդիսատեսին կներկայացնի պարային արվեստ։
Ժամը 18:30-ին հյուրերին սպասվում է շքեղ հրավառություն։
Երեկոյի երաժշտական ծրագիրը կշարունակվի ժամը 19:00-ից մինչև 20:30-ը՝ «Կիմերա» խմբի և երգչուհի Անժելիկա Ռամազյանի մասնակցությամբ: Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ: Կազմակերպիչները հրավիրում են Ախալքալաքի բնակիչներին և այցելուներին միանալ տոնակատարությանը և նշել Ախալքալաքի 962-ամյակը՝ քաղաքի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին և ժամանակակից զարգացմանը նվիրված օրը:
Հիշեցնենք, որ տոնական միջոցառումների համար միջոցները հատկացվել էին Ախալքալաքի մունիցիպալ բյուջեից: Հուլիսի 30-ին Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարեց տոնական միջոցառումների կազմակերպման մրցույթ: Սկզբնական գինը 85․000 լարի էր: Մրցույթի հաղթող ճանաչվեց թբիլիսաբնակ անհատ ձեռնարկատեր Գիորգի Տաբատաձեն, որն առաջարկեց աշխատանքները կատարել 67․650 լարիի դիմաց:



