Ախալքալաքում շարունակվում են վրաց մեծ բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անվան պուրակի կառուցման և բարեկարգման աշխատանքները։ Նախագիծը, որի մասին խոսվում է արդեն մի քանի տարի, գտնվում է իրականացման փուլում։ Սակայն դրա ավարտին խոչընդոտում են որոշ խնդիրներ, որոնք կապված են «Վրաստանի միավորված ջրամատակարարում» ՍՊԸ-ի Ախալքալաքի սպասարկման կենտրոնի հետ։
Այսօր արդեն հստակ երևում է վերին հատվածը՝ Ախալքալաքի բերդի տարածքը, ապագա պուրակի հետ կապող աստիճանավանդակը, սակայն դրա կառուցումը դեռ ավարտված չէ։ Ներկայում պուրակի տարածքում իրականացվում են ճակատային աշխատանքներ։ Շինարարների խոսքով՝ իրենք նախատեսում են աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում։

Սակայն այս պահին նախագծի իրականացմանը խոչընդոտում է մեկ խնդիր։ «Ախալքալաք» գրությամբ ցուցանակի կողմից դեպի ապագա պուրակ տանող ճանապարհին անցնում է կոյուղատար հոսք։ Շինարարների խոսքով՝ քանի դեռ այս հարցը չի լուծվել, տվյալ հատվածում որոշ աշխատանքներ ավարտել հնարավոր չէ։
Ինչպես հայտնել են Ախալքալաքի քաղաքապետարանից, համայնքը բազմիցս դիմել է ջրամատակարարող ընկերությանը՝ կոյուղու խնդիրը լուծելու խնդրանքով։ Սակայն, քաղաքապետարանի տեղեկություններով, այս պահին ընկերության կողմից խնդրի վերացման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել։

«Բազմիցս նամակներ ենք գրել, բազմիցս խոսել ենք։ Մեզ պատասխանում են՝ այսօր, վաղը։ Սա պուրակից վերև գտնվող տների կոյուղին է։ Դրանով պետք է զբաղվի ջրամատակարարող ընկերությունը», — ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը։

Jnews-ը դիմել է ջրամատակարարող ընկերությանը, որտեղից պատասխան ստանալու համար պահանջել են գրությամբ դիմել։
Պուրակը կառուցվում է քաղաքի մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելու հուշարձանին հարակից տարածքում։ Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ նոր տարածքը պետք է դառնա բարեկարգ հանրային գոտի և Ախալքալաքի այցեքարտերից մեկը։ Նախագծի համաձայն՝ տարածքում նախատեսվում են զբոսանքի գոտիներ, նստարաններ և լուսավորություն, լանդշաֆտային դիզայնի տարրեր և դեկորատիվ ինստալացիա։

Նախագծի իրականացումն ուղեկցվել է մի շարք դժվարություններով, որոնց պատճառով շինարարության ժամկետները բազմիցս հետաձգվել են։ Նախապատրաստական աշխատանքների և հենապատի կառուցման մեկնարկից հետո անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նախնական նախագծային փաստաթղթերում։ Որոշվել է ընդլայնել ապագա պուրակի տարածքը և այն համալրել նոր ենթակառուցվածքային տարրերով։ Դրա համար անհրաժեշտ էր պատրաստել թարմացված փաստաթղթեր և անցկացնել նոր մրցութային ընթացակարգեր։
Լրացուցիչ դժվարություններ են առաջացել նաև կապալառուի ընտրության փուլում։ Մի քանի մրցույթներ չեն կայացել՝ մասնակիցների բացակայության կամ ներկայացված փաստաթղթերում հայտնաբերված թերությունների պատճառով։ Արդյունքում կապալառուի ընտրության գործընթացը ձգձգվել է մի քանի ամիս։

Ի վերջո, աշխատանքների իրականացման մրցույթը շահել է թբիլիսյան «Պարամետր» ընկերությունը։ Ընկերությունն առաջարկել է աշխատանքներն իրականացնել 440 000 լարիով, մինչդեռ մրցույթի նախնական արժեքը կազմում էր 458 829 լարի։
Կարևոր հարցերից մեկը եղել է քաղաքի մուտքի մոտ գտնվող բարձունքի վրա տեղակայված պուրակի տարածք հարմարավետ մուտքի ապահովումը։ Այս խնդիրը լուծելու համար նախագծում ներառվել են լրացուցիչ ենթակառուցվածքային տարրեր, այդ թվում՝ աստիճանավանդակ, որը պուրակը կկապի քաղաքի վերին հատվածի հետ։

Պուրակի շինարարությունն իրականացվում է 2024 թվականից։ Այսօր տարածքում արդեն կարելի է տեսնել աստիճանավանդակի կմախքը, որը սկսվում է Ախալքալաքի բերդի տարածքից՝ բենզալցակայանի մոտ, և իջնում դեպի Շոթա Ռուսթավելու հուշարձանը։
Աշխատանքների ավարտից հետո Ախալքալաքը կունենա ևս մեկ հանրային տարածք՝ հանգստի, զբոսանքի և ժամանցի համար։ Բացի այդ, քաղաքի մուտքի հարակից տարածքի բարեկարգումը նպատակ ունի Ախալքալաքի այս հատվածն ավելի գրավիչ դարձնել ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։



